«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդել է այն մասին, որ օգոստոսի 15-ին Երևանի Ավան համայնքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Աշոտ Սնջոյանին:
Եզդի Աշոտ մականունով Սնջոյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու, այն է` անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ: Որպես խափանման միջոց կիրառվել է «ստորագրություն չհեռանալու մասին»:
Սնջոյանը ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է, մինչդեռ ոստիկանությունը պնդում է, որ նա պարզապես «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցն է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում վիճաբանություն էր ծագել, որից հետո հնչել էին կրակոցներ, ինչի արդյունքում երկու մարդ հիվանդանոց էր տեղափոխվել: Դեպքից 10 օր անց, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ քրեական գործ էր հարուցվել:











































