Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագիծը, որն ուղղված է Հարավային Կովկասում իրավիճակի ապաէսկալացմանը, ուժի մեջ է մնում և փոխհամաձայնության հասնելու դեպքում կարող է ընդունվել։ Այս մասին Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։
«Խոսելով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին՝ ուզում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ-ի որոշում-նախագիծը, որն ուղղված էր տարածաշրջանում իրավիճակը լիցքաթափելուն, և որը, ցավոք, չընդունվեց անցյալ տարվա նոյեմբերին Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, մնում է ուժի մեջ, եթե ձեռք բերվի փոխհամաձայնություն», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Գլխավոր քարտուղարը նաև հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ն ունի հակամարտությունների աստիճանական կարգավորման դրական օրինակներ։
«Այսպիսով, Տաջիկստանի և Ղրղզստանի միջև հակամարտությունն աստիճանաբար կարգավորվում է, ընդ որում, առանց միջնորդների՝ պետությունների ղեկավարների ջանքերի շնորհիվ», – նշել է Թասմաղամբետովը։