Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովին ԼՂ խնդրի կապակցությամբ ստորագրված հռչակագիրը ոգևորել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին: Ըստ նրա` այդ հռչակագիրը ամրագրել է ԼՂ խնդրի կարգավորման երեք սկզբունքները, ընդ որում` նախապատվություն չտալով որևէ մեկին: Մյուս կողմից, ըստ նրա` կարևոր է ուժի չկիրառման սկզբունքի ամրագրումը: «Կարևորում եմ Մինսկի համանախագահների խմբի գործունեությունը. սա նաև ապտակ էր Ադրբեջանին, որ այս հարցը նրանք փորձում են տեղափոխել միջազգային տարբեր հարթություններ»,- նշեց նա: Մեր հարցին, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս հռչակագիրը, Սահակյանը պատասխանեց. «Երբ նշում են ուժի կիրառման անթույլատրելիությունը՝ դա արդեն հետևանք է: Մենք արդեն գիտենք` ո՛ր կողմն է ռազմատենչ հայտարարություններով հանդես գալիս, սահմանին գիշերով ստոր սադրանքներ կիրառում»: Սահակյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը շահեկան դիրքերում է: