Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ամենաբարձր լեռան՝ Արարատի վրա հրդեհ է բռնկվել։ Լեռան՝ դեպի Իգդիր նայող հատվածում հրդեհի բռնկման պատճառը հովիվների անփութությունն է։
Հովիվները մոտ 2500 մետր բարձրության վրա կրակ են վառել, սակայն քամին արագորեն տարածել է այն։ Գյուղացիները փորձում են մարել կրակը։ Մի շարք վայրերում հաջողվել է վերահսկողության տակ առնել հրդեհը, սակայն, ընդհանուր առմամբ, այն դեռ շարունակվում է։
Իգդիրի համալսարանի դասախոս Սուլեյման Թեմելը հայտարարել է, որ հրդեհը մեծ վնաս կհասցնի Արարատ լեռան բուսական աշխարհին։










































