Ներկայումս Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացին և Հայաստանում պահվող ադրբեջանցի զինվորականը հայրենիք վերադառնալու ցանկություն են հայտնել,- այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Շերին Պոլինեն: «Այժմ շարունակվում են աշխատանքներն այդ ուղղությամբ: Սակայն գործողությունը իրականացնելու վերաբերյալ դեռևս լիակատար համաձայնություն ձեռք չի բերված»,- APA լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Պոլինեն: «Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև հոկտեմբերին ձեռք բերված համաձայնությամբ՝ երկու երկրների միջև շարունակվում են ինտենսիվ բանակցությունները ռազմագերիների, քաղաքացիական անձանց և զոհվածների դիակների փոխանակման շուրջ»,- ասել է Պոլինեն և հիշեցրել, որ նոյեմբերի 4-ին և 6-ին երկու գործողություն է իրականացվել, որոնց ժամանակ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը հանդես է եկել որպես միջնորդ: