Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խաղարկության 2010/11 մրցաշրջանի խմբաային փուլը: Առաջին տուրի կենտրոնական խաղն ընթացավ Բարսելոնի «Նոու Կամպ» մարզադաշտում, որտեղ «Բարսելոնա»-ն ընդունեց «Միլան»-ին:
Հանդիպման 1-ին րոպեին Պատոյի խփած գոլը հուսադրող էր իտալական ակումբի երկրպագուների համար, սակայն, ինչպես պարզվեց` դա «Միլան»-ի միակ կազմակերպված գրոհն էր ամբողջ խաղի ընթացքում:
Իսկ կատալոնացիները սպասվածի համաձայն նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքն ու սկսեցին մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր ստեղծել Աբիատիի դարպասի մոտ: 36-րդ րոպեին Մեսսին հերթական հրաշալի անցումը կատարեց ու հիասքանչ փոխանցումով Պեդրոյին դուրս բերեց դատարկ դարպասի առջև` 1:1: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 5 րոպե անց Դավիդ Վիլյան գերազանց իրացրեց տուգանային հարվածը` 2:1:
Այդուհետ Գվարդիոլայի սաները նվազագույնը 4 անգամ կարող էին ամրապնդել իրենց առավելությունը, սակայն այդպես էլ չիրացրին իրենց պահերը: Իսկ մրցավարի ավելացրած ժամանակում գործեց «ֆուտբոլի օրենքը». Անկյունայինի խաղարկումից հետո Տիագո Սիլվան հավասարեցրեց հաշիվը և 1 միավոր պարգևեց իր թիմին` «Բարսելոնա»-«Միլան»` 2:2:
H խմբի մյուս խաղում նույնպես ոչ-ոքի արդյունք գրանցվեց: Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ին պայքարից դուրս թողած չեխական «Վիկտորիա»-ն 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը բելառուսական «ԲԱՏԵ»-ի հետ: «Վիկտորիա»-ի ֆուտբոլիստ Բակոսի գոլին (45 ր.) հյուրերից պատասխանեց Բրեսանը (69 ր.):









































