Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունները որոշել են փոփոխել գործող Ընտրական օրենսգիրքը՝ պատճառաբանելով, թե նոր օրենքը նվազագույնի կհասցնի ընտրախախտումները:
Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Իսկ նախկին օրենսգիրքն ասո՞ւմ էր, որ պիտի ծեծեք, պիտի կեղծեք, որ պիտի տրցակներով քվեաթերթիկներ լցնեք քվեատուփի մեջ. իհարկե, նման բան նախկին օրենսգրքում գրված չէր: Ինչ տարբերություն, թե ինչ են գրում, եթե ընտրությունների ժամանակ կրիմինալը, պետական ստրուկտուրաները, ուժային համակարգը միասին սկսում են կեղծել, դրա դեմ ինչ օրենսգիրք ուզում եք՝ գրեք, աշխարհի լավագույն օրենսգիրքը գրեք, միևնույն է, քանզի հենց օրենքը պահողներն են կեղծողները»:
Հովհաննիսյանի գնահատմամբ, Հայաստանում ոչ թե օրենսգիրքը պետք է փոխել, այլ այս իշխանությունները պետք է գնան, և պիտի գան նոր մարդիկ ու լինեն նոր ընտրություններ: