
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան աշխատանքայյին այցի ընթացքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ: Այդ հանդիպման հանգամանքը վկայում է, որ Հայաստանի ԱԽ քարտուղարի այցը պարզապես աշխատանքային չէ, այլ դրա ընթացքում մեծ հավանականությամբ փոխանակվել է շատ կարևոր տեղեկատվություն, ինչն էլ առաջ է բերել ընդհուպ նախագահ Ռայիսիի հետ հանդիպման անհրաժեշտություն:
Բացառված չէ, որ Երևանը Թեհրանին փոխանցել է բավականին կարևոր որոշում, կամ այդպիսի որոշում քննարկելու և առաջիկայում այն կայացնելու բավականին առարկայական մտադրության վերաբերյալ իրազեկում: Խոսքը կարող է վերաբերել կամ Գրանադայում սպասվող հնգակողմ հանդիպմանն առնչվող որոշման կամ մտադրությունների, որոնք կապված են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հետ, կամ հնարավոր է Երևանն Իրանին իրազեկել, կամ հայտնել է ՀԱՊԿ առնչությամբ որևէ որոշում կայացնելու մասին: Այդ տեսանկյունից հատկանշական է, որ թեմային նախօրեին անդրադարձավ նաև ՌԴ արտգործնախարար Լավրովը, փաստացի ցույց տալով, որ Մոսկվայում կա այդպիսի որոշման սպասում:
Բոլոր դեպքերում, այն, որ Թեհրան այցի ընթացքում ԱԽ քարտուղարն արժանացել է նախագահ Ռայիսիի հետ հանդիպման, վկայում է հենց իրերի այդօրինակ դրության մասին: Միևնույն ժամանակ, հանգամանքը, որ Ռեյիսին ընդունել է Հայաստանի ԱԽ քարտուղարին, կարող է թերևս նշանակել, որ Իրանի համար ընդհանուր առմամբ ընդունելի և ընկալելի է այն, ինչի մասին իրանական կողմին իրազեկում է Երևանը: Ըստ ամենայնի, Հայաստանը հավաստիացրել է, որ կայացվող որոշումը ամենևին չի նշանակում Կովկաս արտառեգիոնալ մեխանիզմի ներդրում կամ ընդլայնում, և չի ենթադրելու աշխարհաքաղաքականության փոփոխություն, ինչի անընդունելիության մասին Իրանը հայտարարել է նաև Արմեն Գրիգորյանի այցի ընթացքում, դրա մեկնարկին տեղի ունեցած՝ Իրանի ԱԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը: