Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրն անհաջող սկսվեց Հայաստանի հավաքականի համար:
84 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Արթուր Շահինյանը առաջին իսկ գոտեմարտում պարտություն կրեց ավստրիացի Ամեր Հրուստանովիչից և դուրս մնաց հետագա պայքարից:
Իսկ 60 կգ քաշային կարգում Վահան Ջուհարյանը առավելության հասավ Սլովենիայի ներկայացուցիչ Դրիտանո Հաջրիզի նկատմամբ և դուրս եկավ 1/16 եզրափակիչ:
Հիշեցնենք, որ մրցումների մեկնարկային օրը Հայաստանի հավաքականի 3 ներկայացուցիչներ` Ռոման Ամոյանը (55 կգ), Արթուր Ալեքսանյանն (96 կգ) ու Արման Ադիկյանը (66 կգ) նույնպես մեդալներ չնվաճեցին:
Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) և Յուրի Պատրիկեևը (120 կգ) դեռ չեն սկսել իրենց ելույթները: