
Իրանական ԻՌՆԱ գործակալությունը հաղորդում է Իրանի ԱԳՆ խոսնակի՝ Հայաստանի ԱԽ քարտուղարի Թեհրան այցի և հանդիպումների գնահատականի վերաբերյալ հայտարարության մասին: Ըստ հաղորդագրության, Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Հայաստանի ԱԽ քարտուղարի այցը Իրան դարձավ Իսլամական Հանրապետության տեսակետն արտահայտելու առիթ՝ կովկասյան տարածաշրջանում հակամարտությունները տարածաշրջանային ներուժի միջոցով լուծելու վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, հայաստանցի պաշտոնյայի հետ հանդիպմանն Իրանի ԱԽ քարտուղար հայտարարել է որ Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունը կբերի անկայունության, ճգնաժամի:
Միաժամանակ, Թեհրանը դարձյալ խոսել է սահմանների անփոփոխխության մասին: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Թեհրան է այցելում Գրանադայում սպասվող հնգակողմ հանդիպումից առաջ, որտեղ ըստ ամենայնի սպասվում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի առնչությամբ քննարկումների որոշակիորեն նոր փուլի կամ դինամիկայի հաստատագրում: մեծ հավանականությամբ, Արմեն Գրիգորյանի այցը պայմանավորված է դրանով: Այստեղ խնդիրն այն է, թե ո՞րն էր այցի բուն նպատակը՝ իրազեկե՞լ Թեհրանին Երևանի որևէ որոշման մասին, թե՞ հավաստիացնել, որ ինչ քայլեր էլ լինեն Գրանադայում, դրանք չեն խախտի Իրանի «կարմիր գծերը»:
Ակնառու է մի բան, որ Թեհրանը Հայաստանից ժամանած պաշտոնյային բավականին լուրջ զգուշացում է անում, ասելով, որ աշխարհաքաղաքական փոփոխությունը կբերի անվտանգության փլուզման, անկայունության, ճգնաժամի խորացման: Այլ կերպ ասած, Իրանը զգուշացնում է ռեգիոնալ պայթյունի մասին: Ի՞նչ է նշանակում աշխարհաքաղաքական փոփոխություն, թերևս բարդ չէ հասկանալը: Թեհրանը բավականին հստակ է նշում արտառեգիոնալ խաղացողների ռեգիոնալ ներգրավմանը դեմ լինելու և Կովկասի հարցերը «3+3» ձևաչափով քննարկելու կողմնակից լինելու մասին: Մյուս կողմից, Երևանն էլ իր դիրքորոշումը առնվազն առերևույթ բացատրում է նրանով, որ ռեգիոնում չի աշխատում անվտանգային մեխանիզմ, այդ թվում Ռուսաստանին առնչվող մեխանիզմները, ու Հայաստանը ստիպված է այլընտրանք փնտրել Արևմուտքում: Իրանն առաջարկու՞մ է իր «այլընտրանքը»: Թե՞ հենց այդ հարցը քննարկելու համար էլ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնել է Թեհրան, հասկանալու համար, թե Երևանը ինչ կարող է «կուտակել» թիկունքում՝ «ճակատում» ունենալով Գրանադայի սպասումը: