
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե ՀՀ զինուժի ստորաբաժանումները կրակել են սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող: Հայաստանի ՊՆ-ն հայտնում է, որ դա ապատեղեկատվություն է: Ադրբեջանի այդօրինակ ապատեղեկատվությունները նորություն չեն, սակայն վտանգավոր և մտահոգիչ են հենց դրանով, քանի որ այդօրինակ ապատեղեկատվական արշավ Բաքուն իրականացնում է ռազմական սադրանքների պլանավորման, իրավիճակի լարման գնալու ծրագրերի մշակման համատեքստում: Առավել ևս, երբ սկսում է խոսել իր կողմից իբրև թե զոհերի մասին: Եվ այստեղ, Հայաստանի հերքումները որպես կանոն ունենում են քիչ նշանակություն, հաշվի առնելով այն, որ ուժի կիրառման, կամ ուժի կիրառման սպառնալիքի հարցում Բաքվի ձեռքը բռնողներ գոյություն չունեն, գոյություն չունի այդ ուղղությամբ աշխատող որևէ միջազգային մեխանիզմ, և անգամ՝ այդպիսի ցանկություն արտահայտող միջազային որևէ դերակատար:
Հատկանշական է, որ Ադրբեջանի տեղեկությունը նախորդում է Գրանադայում հանդիպմանը, որտեղ քննարկման առարկան լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը, արդեն նոր իրավիճակում՝ Արցախի հայաթափվածության, ու այն դեպքում, երբ Ադրբեջանը դրա համար ոչ միայն չի արժանանում որևէ կոշտ քաղաքական գնահատականի, այլ պայմանավորվում է ՄԱԿ առաքելության հետ՝ ապահովելով այդ առաքելության մուտքն Արցախ, ինչը աներկբա նշանակում է առնվազն նախնական քաղաքական պայմանավորվածություններ:
«Եկել է վճռականորեն և համոզված կերպով հայտարարելու ժամանակը, որ Հայաստանի սահմանները սրբազան են, և դրանք պետք է երաշխավորված լինեն։ Ֆրանսիան պետք է լինի առաջնագծում», գրել է Ֆրանսիայի նախկին նախագահ, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, խոսելով այն մասին, թե այդ հարցում շահագրգռություն ունի թերևս միայն Ֆրանսիան: Օլանդի անդրադարձը արժանի է ուշադրության ոչ թե այն տեսանկյունից, թե՝ կհայտարարի՞ Ֆրանսիան Հայաստանի սահմանների «սրբազան» լինելու մասին, կամ՝ ոչ, այլ ինքնին թեման հրապարակ իջեցնելու, ընդհուպ սոցիալիստ նախկին նախագահի մակարդակով, հաշվի առնելով նաև, որ խոսքը Ֆրանսիայի ներկայիս կառավարությանն ընդդիմադիր քաղաքական ուժ ներկայացնող նախկին նախագահի մասին է: Այլ կերպ ասած, այդ մակարդակում և այդ տրամաբանությամբ հարցի շեշտադրումը հուշում է թերևս դրա հրատապության մասին: