
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին Թեհրանում ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ Ալի-Աքբար Ահմադիանը։
Հանդիպմանը գեներալը մատնանշել է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները և ընդգծել խաղաղության և անվտանգության հաստատման համար կողմերի ջանքերի անհրաժեշտությունը։ «Տարածաշրջանում աշխարհագրության ցանկացած փոփոխություն սպառնում է Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը՝ խորացնելով ճգնաժամը»,- ընդգծել է նա։
Բացատրելով Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար և մշտական քաղաքականությունը հարևանների հետ համագործակցության և փոխգործակցության զարգացման և ցանկացած լարվածությունից ու հակամարտությունից զերծ տարածաշրջան ստեղծելու գործում՝ նա քարտուղարը հավելել է. «Տարածաշրջանի երկրների միջև թափանցիկ և կառուցողական երկխոսությունը հիմք է հանդիսանում բնակիչների կայուն անվտանգության, համաչափ զարգացման, բարգավաճման և հարմարավետության համար»:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է անհրաժեշտ հարթակ տրամադրել և հանդիպում անցկացնել տարածաշրջանի երկրների միջև»,- հավելել է Ահմադիանը։
Ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև տնտեսական փոխգործակցության և համագործակցության ակտիվացման, ինչպես նաև երկկողմ առևտրային փոխանակումների ավելացման անհրաժեշտությունը՝ նա հայտարարել է Իրանի պատրաստակամությունը բարելավելու հարաբերությունների մակարդակը բոլոր ոլորտներում։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն, իր հերթին, մատնանշել է երկու երկրների երկարամյա հարաբերությունները և հայտարարել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն ամբողջությամբ զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը։
Մատնանշելով Իսլամական Հանրապետության արդյունավետ դերը կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում՝ Գրիգորյանը կոչ է արել շարունակել այս դերակատարումը։ Նա նաև կարևորել է երկու երկրների միջև տնտեսական, առևտրաարդյունաբերական նախագծերը և ընդգծել դրանց շուտափույթ իրականացումը։