
Հայաստանում քննարկվում է, որ Արցախի նորընտիր նախագահի ձեռքով ստորագրված «լուծարման հրամանագիրը անօրինական է, նաեւ քննարկվում է, որ այդ հրամանագրով փաստացի հենց Արցախի կառավարության ձեռքով փակվում է հետագայում որևէ միջազգային ատյանում Արցախի հետ կապված իրավական որևէ հարցապնդման և պահանջի ճանապարհ:
Քննարկումները անշուշտ կարեւոր են, բայց ըստ ամենայնի կարեւոր է նաև արձանագրել մի բան: Արցախի հարցում միջազգային իրավա-քաղաքական որեւէ զարգացում, դրանում Հայաստանի, Արցախի, արցախցիների որևէ շահի հետապնդում հիմնավորապես կախված է լինելու ուժերի հարաբերակցությունից: Եթե այն բավարար չէ, ապա՝ ստորագրել է «լուծարման» հրամանագիրը Արցախի որեւէ նախագահ, թե չի ստորագրել, ըստ էության չունի առանցքային նշանակություն:
Ի վերջո, իրավիճակը ուժով պարտադրված իրավիճակ է եւ դա ակնառու է, հետեւաբար, այն կարող է փոխվել միայն նոր ուժով: Ընդ որում, խոսք միայն ռազմական ուժի մասին չէ: Փոփոխությունների առնվազն նախադրյալ կարող է ստեղծել նաև քաղաքական, դիվանագիտական ուժը, բայց այն կարող է արտահայտվել միայն համակարգային, համապարփակ ուժի, համալիր ուժի պարագայում, որ կունենա Հայաստանի հանրապետությունը:
Ըստ այդմ, այստեղ է գլխավոր խնդիրը եւ առանցքային քննարկումները թերեւս պետք է լինեն այդ դաշտում, գտնելու համար ուղիներն ու հարցերի պատասխանները, թե ինչպես ապահովվի ուժերի հարաբերակցության փոփոխությունն ու Հայաստանի համալիր ներուժի ավելացումը, համակարգային ուժի ձեւավորումը, որը թույլ կտա միջազգային ատյաններում դնել իրավա-քաղաքական խնդիրներ եւ հետապնդել դրանք հաջողության հասնելու առավել իրատեսական եւ առարկայական հնարավորությամբ, միչ այդ, և զուգահեռ՝ միջազգային տարբեր խոշոր դերակատարների հետ երկկողմ և բազմակողմ հարաբերություններում հաջողություն հասնելու խնդրով: