
Միավորված ազգերի կազմակերպությունը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ այս շաբաթավերջին, ասել է ՄԱԿ-ի խոսնակը: ՄԱԿ-ի այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Ադրբեջանը ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հրավիրել է այցելել տարածաշրջան: Ինչպես արդեն նկատել եմ նախորդ հոդվածներով, ներկայումս, ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված նոր իրավիճակում, աշխարհաքաղաքական պայքարն Արցախում ծավալվելու է այլ տրամաբանությամբ և մարդասիրական ձևաչափը դիտվում է ռուսական խաղաղապահ ներկայությունը չեզոքացնելու միջոցներից մեկը, միաժամանակ իհարկե անելով այնպես, որ վերահսկողությունից դուրս չմնա Ադրբեջանը:
Մեզ համար խնդիր է օգտագործել առկա շահերը և մոտիվները մեր խնդիրները լուծելու համար: Ու այդ տեսանկյունից, միջազգային դիտորդական առաքելության ներգրավումը հայկական կողմը թերևս պետք է դիտարկի թե տեղում, թե նաև Արցախից հեռացած քաղաքացիների իրավունքների խնդիրները հասցեագրելու և սպասարկելու միջոց, որպեսզի պաշտպանված լինի նրանց ունեցվածքը, նաև պաշտպանված լինեն հայկական մշակութային ժառանգության հուշարձանները, հայկական գերեզմանոցները:
Ի վերջո, արցախցիները տեղահանվելով իրենց բնօրրանից, այնտեղ թողնում են իրենց հարազատների շիրիմները: Միջազգային մարդասիրական դիտորդական առաքելության խնդիր պետք է դառնա ժամանակային որոշակի պարբերականությամբ շիրիմներին այցելության հնարավորություն ստեղծելը, Հայաստանից անվտանգ ուղեկցությամբ ու երաշխիքով: Հարցերը այդ, և մի շարք այլ առումներով բազմաթիվ են և այդ դիտորդական առաքելությունը պետք է կրի ոչ միայն պարզապես նոմինալ բնույթ, իր տողատակում ունենալով լոկ աշխարհաքաղաքական համատեքստ, այլ նաև լուծի շատ կոնկրետ հարցեր Արցախում մնացող հայերի համար՝ եթե կլինեն այդպիսիք, և Արցախից հեռացողների համար:
Միջազգային մարդասիրական առաքելության միջոցով պետք է ձգտել ապահովել հնարավորություն, որ ցանկության դեպքում, Արցախից բռնի տեղահանվածները կարողանան պաշտպանված ձևով վերադառնալ և տնօրինել իրենց թողած գույքը և ունեցվածքը, ինչպես իրենք կգտնեն նպատակահարմար: Բայց, այդ ամենով գլխավոր հարցը իհարկե այն է, թե Արցախում տեղակայվելիք մարդասիրական միջազգային առաքելությունն արձանագրելու՞ է արդյոք, որ Արցախը ենթարկվել է էթնիկ զտման, թե հակառակը՝ «մաքրելու» է Ադրբեջանի նախագահին այդ մեղադրանքներից, որի հետ համաձայնեցնում են առաքելության տեղակայումը: