
Արցախից հայության բռնի տեղահանման ֆոնին քննարկվող հարցերից է այն, թե արդյո՞ք Ադրբեջանին պետք է, որ որևէ քանակով բնակչություն մնա այդուհանդերձ Արցախում, թե՞ պետք չէ: Մենք քննարկել ենք, թե այս հարցում ինչպիսի մոտիվներ ունեն Ռուսաստանը և արևմտյան բեվեռը: Իսկ ի՞նչ մոտիվ և անհրաժեշտություն ունի Ադրբեջանը: Այստեղ իհարկե մենք կարող ենք անել միայն ենթադրություններ, ու դրանցից մեկն այն է, որ Բաքուն կուզենար, որպեսզի Արցախում մնար որոշ քանակով հայություն, ինչը Բաքվին թույլ կտա միջազգային հանրությանը հավաստիացնել, որ Արցախի հայությանը չի ենթարկում բռնաճնշման և տեղի է ունենում խաղաղ, քաղաքակիրթ ինտեգրացիա:
Մյուս տարբերակն այն է, որ Ադրբեջանը շահագրգռված կարող է լինել Արցախի ամբողջական հայաթափումով, որպեսզի նաև դրանով վերջնականապես փակվի արցախյան հակամարտության էջը, և հեռանա նաև Ռուսաստանի ռազմուժը, որ խաղաղապահ առաքելությամբ գտնվում է Արցախում: Ադրբեջանը սակայն ներկայումս մեծ հավանականությամբ «ընտրում» է երրորդ տարբերակը, հնարավորինս քիչ, բայց այդուհանդերձ որոշակի հայության ներկայություն Արցախում, որպեսզի այդ հանգամանքի վրա առևտուր անի թե Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ, և փորձի հնարավորինս թանկ գին կորզել երկու կողմից էլ:
Այդ մարտավարությունը կամ մեթոդաբանությունն Ալիևի համար կիրառական է անցնող թե հետպատերազմական շրջանում, թե դրանից առաջ, և այն շարունակվելու է նաև այս հարցում: Ինչ կլինի հետո, դա կախված է լինելու առևտրի հարաբերակցությունից ու արդյունքից, եթե նկատի առնենք և այն, որ դրա մեջ անկասկած լինելու է նաև Էրդողանը: Մեծ հաշվով սակայն, հետոն կախված է լինելու շատ ավելի մեծ հարաբերությունների պարզաբանումից, արդեն համաշխարհային մակարդակով, նոր աշխարհակարգի, ազդեցության ոլորտների վերաբաժանման շուրջ դիմակայության արդյունքում: Ընդ որում, հանգամանքը, որ Արցախում չի մնա հայություն, Ալիևի համար բոլորովին էլ չի նշանակի էթնիկ զտման աներկբա մեղադրանք: Այդ մեղադրանքը չի հնչել ռազմական գործողությունների հետևանքով, որ նա սանձազերծեց սեպտեմբերի 19-20-ին, հետո ամեն ինչ դարձյալ կախված է լինելու քաղաքական առևտրից, այլ ոչ թե հայության մնալ-չմնալուց: