
Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն է արել, որով տեղեկացնում է, որ Ադրբեջանը պահանջել է, որպեսզի ինքը հետաքննության համար ներկայանա Բաքու, և այդ նպատակով ինքը Ստեփանակերտից մեկնում է Շուշի: «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ», հայտարարել է Դավիթ Բաբայանը:
Փաստացի, Ռուբեն Վարդանյանի ձերբակալումից հետո նաև Դավիթ Բաբայանի օրինակը վկայում է, որ Ադրբեջանը Արցախում էթնիկ զտման ագրեսիայից հետո ձեռնամուխ է լինում իր ագրեսիվ քաղաքականության նոր փուլի: Այն թերևս ունի մի քանի նպատակ: Նախ, դնելով Արցախում տարբեր պետական, ռազմական, քաղաքական, հասարակական դերակատարում ունեցող հայերի «իրավական» պատասխանատվության հարց, ձեւավորել մի կողմից Հայաստանի հանդեպ քաղաքական ճնշման, մյուս կողմից ստեղծել միջազգային դերակատարների հետ քաղաքական սակարկությունների և առեւտրի, նաև նրանց հակասությունների և մրցակցության վրա խաղալու հնարավորություն: Առնվազն այդ համատեքստում, Ադրբեջանը կարող է դիտարկել նաեւ հետագա «համաներման» տարբերակը, որի մասին Ադրբեջանի նախագահ Ալիեւը ելույթ էր ունեցել մայիսի 28-ին:
Հիշենք, որ այդ ելույթից հետո «համաներման» այդ պատրաստակամությունը ողջունել էր նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակի օգնական Վեդանտ Պատելը: Ալիևը քաղաքական սակարկության ու Հայաստանի հանդեպ ճնշման հանգամանք է դարձնելու նաև այդ «համաներումը»: Ավելորդ է անգամ խոսել այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Բաբայանի, Արցախի որևէ այլ գործչի՝ ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը Հայաստանի հանրապետության պարտականությունն է, առաջնային պարտականությունը, ինչը կատարելու համար պետք է ձեռնարկվեն բոլոր քայլերը: Միաժամանակ, անկասկած է, որ այդ քայլերը պետք է միտված լինեն Ադրբեջանի հանդեպ միջազգային ճնշում ձեւավորելուն, որը սակայն չլինի այնպիսին, ինչպիսին Արցախի շրջափակման թեմայով «ճնշումը»՝ խոսքեր, և ուրիշ ոչինչ: