Մոտ 36 օր է, ինչ Երևանում նկարահանվում է իրանական «Խաղաղ փողոցներ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը:
«Որոշեցինք, որ ֆիլմը պետք է նկարահանվի ոչ Իրանում, երկար քննարկումներից հետո մտածեցինք, որ Հայաստանը, մասնավորապես` Երևանը, ունի մի այնպիսի հարմար մթնոլորտ, որում կարելի է այս կինոն նկարել: Ընտրվեց Երևանը, որովհետև այն ունի արևելյան կոլորիտ` եվրոպական էլեմենտներով: Ֆիլմի գործողությունները կատարվում են փողոցներում, և մենք շնորհակալություն ենք հայտնում ոստիկաններին մեզ աջակցելու համար, քանի որ մենք քանի օր է՝ «վխտում» ենք Երևանի փողոցներում»,- մեզ հետ զրույցում նշեց ֆիլմի տնօրեն Անահիտ Աբարը:
Նա ավելացրեց նաև, որ շատ մեծ տպավորությամբ են հեռանալու Հայաստանից, իսկ համագործակցության առումով իրանական դաշտն էլ բաց է հայաստանցիների համար: