
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն 2-րդ օրն է, ինչ ինձ ծանոթներս հարցնում են՝ «հատո՞ւկ են Մարգարիտա Սիմոնյանը, Սոլովյովը կոչեր անում Հրապարակ գնալու, ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու»,
ու խորամանկ ժպիտով շարունակում են՝ «պայմանավորվե՞լ եք հետները, որ ձեզ աջակցեն»:
Ասում են՝ եթե իրենք են կոչ անում գնալ, ուրեմն հաստատ մարդիկ չեն գնա՝ հաշվի առնելով, թե հայ ժողովուրդը որքան է եղկում իրենցից:
Էս կարծիքը գոյության իրավունք կունենար, եթե իրենք իմանային, որ մեր հասարակության գերակշիռ մասը, մեղմ ասած, չի սիրում իրենց: Բայց իրենք ոչ մեր ՖԲ գրառումներն ու մեկնաբանություններն են կարդում, ոչ շփվում մեզ հետ: Նրանց իրենց տեղեկատուներն այլ Հայաստան են ներկայացնում:
Մարգարիտասիմոնյանների, սալավյովների, մեդվեդևների գործողություններն ուղղված են հայոց պետականության դեմ: Իսկ այսօրվա հուզված, անհանգստացած մարդկանց շարժումը առաջնորդող հայաստանյան ընդդիմությունը հենց այն գործիչներն են, որոնց համար հայոց պետականությունը արժեք չէ: Վկա՝ միութենական պետության գաղափարների ջատագովը լինելը:
Բայց ես ապավինում եմ ձեր խոհեմությանը, սիրելի հայրենակիցներ, լինեք երևանցի, գյումրեցի, ղարաբաղցի, թե գորիսեցի, որքան էլ դժգոհ եք իրողություններից, որոնք, ցավոք, միայն Հայաստանի իշխանություններից կախված չեն, որքան էլ ծանր շրջան է, մի՛ դարձեք հակապետական գործողությունների գործիք:
Դեռ երեկ մենք ծանր սրտով նշում էինք Անկախության 32-ամյակը: Հայոց պետականությունը շատ կարևոր ձեռքբերում է բոլորիս համար: Պետք է սրբորեն պահել այն և ուղղել ողնաշարը:
Իշխանությունը ժամանակավոր է, այսօր Քաղաքացիական պայմանագիրն է, երեկ Հանրապետականն էր, վաղը մեկ ուրիշը կլինի, իսկ պետականությունը մեկն է»։