
Հայաստանի արտաքին գործերի նախարարը ՄԱԿ ԱԽ նիստում իր ելույթում բարձրաձայնեց Արցախում ՄԱԿ խաղաղապահ առաքելության տեղակայման անհրաժեշտության մասին: Երևանի այդ բարձրաձայնումը սակայն ըստ ամենայնի իրագործելի չէ, մի քանի պատճառով: Նախ, ՄԱԿ խաղաղապահ առաքելության վերաբերյալ որոշում հնարավոր է, եթե դրա օգտին քվեարկի ՄԱԿ ԱԽ մշտական հնգյակը: Ռուսաստանը կքվեարկի՞ ՄԱԿ խաղաղապահ առաքելության օգտին: Այո, եթե այդ առաքելությունը ենթադրի Ռուսաստանի առանձնահատուկ մասնակցություն, կամ Ռուսաստանի ներկայիս խաղաղապահ առաքելության ճանաչում ՄԱԿ հովանիով, կամ նման մի բան: Իսկ Արևմտյան եռյակը՝ ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, կգնա՞ն դրան, կգնա՞ն Ռուսաստանի մանդատի այսպես ասած համալրման, միջազգայնորեն ուժեղացման, առավել ևս այսօր, երբ պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ՝ համաշխարհային վերաբաժանման պատերազմի մեջ: Չեն գնա: Նրանք ունեն նաև չգնալու այլ պատճառ:
Իրական քաղաքական ռեժիմում նրանք որևէ կերպ չունեն Ադրբեջանի շահերին հակադրվելու, հետևաբար դրանից խուսափելու համար Ադրբեջանի հետ տեղում բաց գործարքի գնալու պատճառ և մոտիվ: իսկ լինեն ներկա խաղաղապահ, նշանակում է կանգնել այդ կամ-կամ-ի առաջ, ինչի առաջ հայտնվել են այսօր ռուսները, որոնք բնականաբար ընտրում են գործարքի գնալն ու հայտնվում Հայաստանի ու Արցախի հանրությունների արդարացի թիրախում: Արևմտյան դերակատարները որևէ կերպ չունեն ռուսների փոխարեն թիրախում հայտնվելու շահագրգռություն, իրենց հակառակորդ ռուսներին թիրախից հանելու շահագրգռություն: Ավելորդ է խոսել այն մասին, որ դրան չի համաձայնի նաև Բաքուն: Դարձյալ մի շարք պատճառներով: Չեն համաձայնի Իրանն ու Թուրքիան: Միով բանիվ, ակնառու է, որ Երևանի բարձրաձայնած մեխանիզմը պարզապես անիրագործելի է:
Հետևաբար առաջանում է հարց, թե ինչու՞ է բարձրաձայնվում մի բան, որի շուրջ փակուղային իրողության առկայությունը գրեթե կասկածից վեր է, տեսանելի է անզեն աչքով: Կամ Երևանն ունի այդ առնչությամբ կոնֆիդենցիալ շփումների և հաղորդակցության, քննարկումների տեղեկատվություն և կատարում է քայլը դրա հիման վրա, հետագա դիվանագիտական աշխատանքի միտվածությամբ, ինչը սակայն անկասկած եթե անգամ լինի իրականությանը մոտ, ապա կպահանջի շատ երկար ու տևական աշխատանք, կամ ավելի հավանական է, որ Երևանը բարձրաձայնելով առաջարկը, այդ կերպ իր «վրայից» հանում է պատասխանատվությունն ու դնում ՄԱԿ ԱԽ վրա: Դա կարող է որոշակիորեն լինել արդարացված, նկատի ունենալով այդ թեմայի շուրջ զանազան նենգափոխումներն ու խաղարկումները, այդ թվում այսպես ասած ներքաղաքական տիրույթում:
Միևնույն ժամանակ սակայն ներկայումս երևի թե պետք է կենտրոնանալ ՄԱԿ ներգրավման առավել իրատեսական ասպեկտների, մասնավորապես մարդասիրական մեխանիզմների ներգրավման վրա: Այյստեղ առավել իրատեսական է ստանալ Ռուսաստանի և Ադրբեջանի հավանությունը, առավել ևս, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկում խոսվում է ՄԱԿ փախստականների հարցերի գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավման մասին: Որևէ մեկին դուր է գալիս առկա իրավիճակը, թե ոչ, սա այլ խնդիր է, բայց Արցախի ժողովրդի ճակատագիրը չպետք է դառնա որևէ մեկի աշխարհաքաղաքական կողմնորոշման կամ ճաշակի բավարարման ռեսուրս: Պետք է հաշվի նստել այն իրողությունների հետ, որոնք առկա են գետնի վրա, ու աշխատել գետնի վրա եղած իրողությունների շրջանակում Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման հավելյալ գործոնների ներգրավման շուրջ: