
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի շրջանակներում Չեխիայի և Էստոնիայի նախագահներին ծանոթացրել է Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար 12 հանձնարարականների կատարման ընթացքին։ Այս մասին հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունը։
«Վրաստանի վարչապետը Չեխիայի Հանրապետության նախագահին տեղեկացրել է եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերի և 12 հանձնարարականների կատարման դինամիկայի մասին։ Նրա խոսքով՝ Վրաստանն արժանի է թեկնածուի կարգավիճակ ստանալուն, ինչը կնպաստի երկրի կայուն զարգացմանը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Էստոնիայի ղեկավար Ալար Կարիսի հետ հանդիպմանը Ղարիբաշվիլին նշել է, որ հանրապետությունն արդեն ավարտում է հանձնարարականների վրա աշխատանքը։ Ղարիբաշվիլին նաև ընդգծել է, որ «երկրի համար վճռորոշ պահին Վրաստանն ակնկալում է Էստոնիայի ուժեղ աջակցությունը»:
«Վարչապետի խոսքով՝ կառավարությունը բաց, թափանցիկ և ներառական գործընթաց է ապահովել 12 հանձնարարականների կատարման համար: Առաջարկությունների վրա աշխատանքը ավարտական փուլում է, և Վրաստանը դրանք իրականացնում է Վենետիկի հանձնաժողովի և եվրոպացի գործընկերների հետ համակարգմամբ», – ամփոփել են մամուլի ծառայությունում։
Բացի այդ, Ղարիբաշվիլին հանդիպում է անցկացրել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Կողմերը քննարկել են պետությունների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։
2022 թ. հունիսին ԵՄ առաջնորդները միությանն անդամակցելու համար թեկնածուի կարգավիճակ տրամադրեցին Մոլդովային և Ուկրաինային։ Նրանք նաև ճանաչեցին Վրաստանի եվրոպական հեռանկարները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին նրան թեկնածուի կարգավիճակ տրամադրել 12 պայմանների կատարումից հետո։