
Ինչ սպասել այսօր Նյու Յորքում տեղի ունենալիք ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստից, որ Ֆրանսիայի նախաձեռնությամբ տեղի է ունենալու Արցախի թեմայով, ադրբեջանական ագրեսիայից հետո: Ավելին, առաջին հարցը, որ կարող է առաջանալ այն է, թե այդքանից հետո՝ երբ Բաքուն ըստ էության նոր պատերազմով պարտադրեց Արցախին վերջնական կապիտուլյացիա և իր պայմաններին ենթարկեցում, էլ ի՞նչ իմաստ ունի ՄԱԿ ԱԽ նիստը: Այդուհանդերձ, նիստն իմաաստ ունի, և այն չէր կայանա, եթե չունենար իմաստ, առնվազն ԱԽ անդամների համար: Ի վերջո, հարկ է արձանագրել, որ, եթե մեզ համար խնդիրը վերաբերում է մեր պետականության ու ազգային ինքնության համար ցավագին ու զգայուն հարցին՝ Արցախի և արցախահայության ճակատագրին, ապա աշխարհաքաղաքական դերակատարների համար խնդիրը աշխարհաքաղաքականությունն է և այդ համապատկերում Կովկասի հարցը: Ըստ էության, սա է եղել և լինելու ՄԱԿ ԱԽ քննարկումների, և նոր քննարկման խորքային հիմքում:
Հետևաբար, մենք ևս՝ որպես Հայաստան պետություն, որքան էլ լինենք ծանրագույն և բարդ վիճակում և հոգեվիճակում, պարտավոր ենք աշխատել դիվանագիտական ճակատում և հետևել ուժային կենտրոնների աշխատանքին: Կովկասի հարցը ոչ միայն փակ չէ, այն նոր է բացվում ըստ էության, և դա նշանակում է, որ Կովկասում ցանկացած հարց, և անգամ փակված թվացող Արցախի հարցը շարունակում է մնալ բաց՝ իր թե մարդասիրական կենսական բաղադրիիչով, թե քաղաքական և ռազմա-քաղաքական: Սրանք պատրանքների մեջ հայտնվելու և «դեռ ոչինչ կորած չէ» տրամաբանությամբ անիրատեսական սպասումներ ունենալու համար չէ, որ գրում եմ: Առավել ևս ՄԱԿ ԱԽ նիստից սպասում ունենալը անիրատեսություն է շատ վաղուց, և առավել ևս այսօր, երբ այդ կառույցի անդամները միմյանց մեջ են պատերազմում նոր աշխարհակարգի համար: Պարզապես, մենք պարտավոր ենք աշխատել այդ պետությունների և կառույցների հետ առնվազն այնքան, որքան իրենք են աշխատում, որպեսզի մենք կարողանանք կասեցնել Հայաստանի անվտանգության համակարգի շուրջ առաջացած անկումային, և անգամ տարերային տրամաբանության ռիսկ պարունակող գործընթացները: Կրկնեմ, ՄԱԿ ԱԽ-ից ունենալ որևէ ակնկալիք, մոլորություն է, և անգամ վտանգավոր մոլորություն, բայց, աշխատանքը ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների հետ՝ հրամայական է, կենսական հրամայական, թեև այդ հրամայականը ներառում է նաև այլ պետություններ, մասնավորապես Իրանն ու Թոււրքիան: Կովկասի հարցը այդ բոլորի սեղանին է, ըստ այդմ Հայաստանը «զոհասեղանին» չհայտնվելու համար ունի ահռելի անելիքներ: