
Ռուսաստանի պաշտպանւթյան նախարար Շոյգուն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը Կովկասում՝ Թեհրան այցի ընթացքում: Շոյգուն և Իրանի նախարարը հայտարարել են, որ ռեգիոնում ապակայունացման սպառնալիքները բխում են արտառեգիոնալ խաղացողների ներգրավվածությունից: Եթե ավելի պարզեցնենք, ապա, Իրանն ու Ռուսաստանը արձանագրում են, որ ապակայունացումը Արևմուտքի աշխուժության հետևանք է: Մնում է հասկանալ, նրանք Արևմուտքին մեղադրում են ուղի՞ղ հրահրման համար, թե՞ ակնարկում են, որ ապակայունացումը հրահրում են հենց իրենք, որովհետև այդ կերպ չեզոքացնում են արևմտյան դիվանագիտական նախաձեռնությունները, որոնք բնականաբար միտված են Արևմուտքի ռեգիոնալ ազդեցության բարձրացմանը:
Իհարկե այս «սխեմայի» մասին մենք խոսել ենք վաղուց, բազմաթիվ անգամներ, բարձրաձայնելով դրա վտանգի մասին: Մասնավորապես, վտանգ այն առումով, որ արևմտյան դիվանագիտական նախաձեռնությունները սրելով ռեգիոնալ տերությունների վախերը, մասնավորապես Ռուսաստանի և Իրանի, նրանց կարող են մղել հակազդեցության, պատասխան քայլերի: Իսկ դրանք էլ կարող են արտահայտվել արևմտյան դիվանագիտական նախաձեռնությունները փակուղի տանելու գործողություններով, զանազան տարբերակներով:
Բնական է, որ Արևմուտքն էլ իր հերթին պետք է փորձի պաշտպանել սեփական ռազմավարությունը: Ճնշումը ռեգիոնում մեծանում է, կուտակվում են լիցքեր, որոնք պայթում են ամենից խոցելի ուղղությամբ: Ո՞վ է պայթեցնողը, անմիջականորեն պայթեցնողը՝ բնականաբար Ադրբեջանից զատ, որը կատարողն է: Սա կարևոր հարց է, և Շոյգուի ու Իրանի նախարարի հայտարարությունները շեշտադրում են այդ հարցը, բայց մեծ հաշվով, հասկանալու համար, թե ինչ է կատարվում ռեգիոնում և ինչ կարող է կատարվել, ու ընդ որում՝ շարունակել կուտակվել, պետք է հասկանալ լիցքքերի կուտակման և տեղի ունեցող պայթյունների ընդգրկուն պատճառը, դրանից բխող անհրաժեշտ եզրահանգումներ անելու և սցենարներ մշակելու համար՝ օպերատիվից մինչև առավել երկարաժամկետ: