Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանի Բուշեհր քաղաքում տեղակայված ատոմակայանը ՌԴ էներգետիկայի նախարարի ներկայությամբ պաշտոնապես շահագործման հանձնվեց ու միացավ երկրի էլեկտրացանցին:
ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն հաջողդած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց. «ՌԴ-ն շարունակելու է իր համագործակցությունն Իրանի հետ: Բուշեհրի ատոմակայանի շահագործման հանձնվելը մեր համագործակցության ավարտը չէ։ Մենք դեռ շարունակելու են միջուկային ոլորտում համագործակցությունը»։
Իրանական գործակալությունը մեջբերել է նաև Իրանի ատոմային էներգիայի արտադրության և զարգացման ընկերության տնօրենի խոսքերը, որը Բուշեհրի ատոմակայանի բացման արարողության ընթացքում լրագրողներին հայտնել է, թե Բուշեհրի ատոմակայանը միշտ չէ, որ պիտի միացված լինի երկրի ընդհանուր էլեկտրացանցին և էլեկտրականություն մատակարարի գործող էլեկտրացանցերին: Մուհամադ Ահմադիանը, անդրադառնալով Ճապոնիայի «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարին, հավելել է. «Իրանական կողմը մտադիր է Բուշեհրի ատոմակայանը շահագործել փորձնականորեն և հետագա քայլերն ավելի մտածված կատարել: Հետևաբար Բուշեհրի ատոմակայանը միշտ չէ, որ միացված է լինելու երկրի էլեկտրացանցին»։










































