
Արցախի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայից ժամեր անց հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախաձեռնությամբ հրավիրվում է ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին: Տխուր, բայց խորհրդանշական հանգամանք է՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի թեմայով արտահերթ նիստ Հայաստանի Անկախության 32-րդ տարեդարձի օրը: Իսկ դրանից բացի, էլ ինչո՞վ կարող է աչքի ընկնել նիստը, որի հետ մեր հանրությունը շարունակում է փայփայել Ադրբեջանին զսպելու ինչ որ հույսեր, չնայած այն հանգամանքին, որ իր «մեջքի հետևում» արդեն ունի ՄԱԿ ԱԽ շրջանակում գործնականում անպտուղ մի քանի աշխատանքային օրինակներ:
Ընդ որում, սրա պատճառը բոլորովին այն չէ, որ ՄԱԿ ԱԽ մշտական և ոչ մշտական անդամները բացարձակապես անտարբեր են Հայաստանի հանդեպ, Արցախի հանդեպ: Նրանց մեջ անշուշտ կան նաև այդպիսիք, սակայն բուն խնդիրն այն է, որ ՄԱԿ ԱԽ անդամները, առավել ևս հինգ մշտականները, բացարձակ կենտրոնացած են իրենց շահերի և կենսական խնդիրների վրա, որոնք գերսրված են ներկայիս համաշխարհային պատերազմի հետևանքով: Նրանք իրենք են պատերազմի մեջ, ու թեև անմիջականորեն իրենց համար այդ պատերազմը մաշկն այնքան չի ցավեցնում, կամ այնպես չի ցավեցնում, ինչպես մեզ, այդուհանդերձ նրանք ունեն իրենց պատերազմը և նրանց հոգսերն ու խնդիրները սկսում ու ավարտվում են դրանով, իսկ մեր խնդիրներին առնչվում են այնքանով, որքանով դրանք այս կամ այն կերպ գտնվում են իրենց հոգսերի և խնդիրների ազդեցության գոտում: Սա է, դաժան, բայց առկա իրականությունը, եթե ներկայացնեմ փոքր ինչ պարզունակ բնորոշմամբ:
Այդ իրականությունն առավել դաժան ու ցավոտ է լինում նրանց հանդեպ, ովքեր համառորեն չեն ուզում նկատել այն և առաջնորդվում են սին ակնկալիքներով ու պատրանքներով, համաշխարհային պատերազմում չար ու բարի փնտրելով, սև ու սպիտակ կարգելով, և սեփական հայեցողության առաջ դրանց միջև ընտրելու բանալ խնդիրներ դնելով: Դրա ցավագին հետևանքը լինում են ագրեսիան ու զոհերը: Իսկ իրականությունը պահանջում է մեկ բան՝ կամ ագրեսիային դիմակայելու ուժ, կամ ագրեսիան չեզոքացնելու դիվանագիտական կարողությունների և ծանր ու բարդ որոշումներ կայացնելու ուժ և կամք: Չի գործում որևէ այլ տարբերակ կամ մեխանիզմ, եթե անգամ դրա մասին խոսենք օրական հարյուր կամ հազար անգամ: ՄԱԿ ԱԽ-ն այսօր չգործող մեխանիզմ է, որովհետև այդ կառույցի անդամների միջև չկա պայմանավորվածությունների կուռ համակարգ, հինը խախտված և փլուզված է հիմնահատակ, կամ գրեթե հիմնահատակ, իսկ նորի համար ընթանում է համաշխարհային պատերազմ, և դրա հետանքները մեզ անմիջապես սպառնալու են այնքան ժամանակ, քանի դեռ այդ պատերազմում չի նշմարվի պայմանավորվածությունների նոր համակարգի կմախքը: Մեզանից պահանջվում է խորագիտություն, որպեսզի մինչ այդ կմախք չմնա մեր պետականությունից: