Բանակում գործող հոգեբանների պակաս կա: Այսօր «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Արշակ Գասպարյանը` կարևորելով բանակում հոգեբանական ծառայությունների առկայությունը: Ըստ հոգեբանի` անձին պետք է նախապատրաստել բանակ գնալուն: «Բանակ զորակոչվող անձն անպատրաստ է բանակում ծառայելուն: Անձը, ով զորակոչվում է բանակ ժամկետային զինծառայության, ոչ միշտ է ճիշտ պատկերացում ունենում բանակի մասին: Այս դեպքում սկզբունքորեն հոգեբանական շատ նվազ պատրաստականություն է ունենում: Մինչ բանակը մենք բավական չէ չենք նախապատրաստում անձին, հետո էլ ծագում է խնդիր սպայական անձնակազմի հետ»,- նշեց Ա.Գասպարյանը:
Նրա խոսքով` յուրաքանչյուր զինվորի հետ աշխատանք է պետք, յուրաքանչյուր զինվորի հուզակամային , նյարդահոգեկան ոլորտների ուսումնասիրություն է պետք: «Ամենակարևոր բանը, որ բանակում գործող հոգեբանների պակաս կա, որովհետև սպայական կազմը շատ տեղեկացված կարող է լինել զինվորից, բայց գոնե ամեն գումարտակ պետք է ունենա իր հոգեբանը, որի պարտականությունը կլինի ամեն օր հետաքրքրվել զինվորների հոգեբանական խնդիրներով»,- վերլուծեց հոգեբանը` հավելելով, որ հոգեբանի խնդիրը կլինի պարզել, թե ինչո՞ւ է տվյալ անձին բարկացնում հերթապահության անցնելը:
Վերլուծելով հանցագործությունները փակ հաստատություններում` հոգեբանը նշեց, որ թե՛ քրեակատարողական հիմնարկում, թե՛ բանակում, թե՛ հոգեբուժարանում, որտեղ անձի գործունեությունը սահմանափակված է, դա ինքնին անձի դեգրադացիայի վրա ազդող գործոն է: «Այսինքն՝ անձը հայտնվում է մի իրավիճակում, որ պետք է անցնի խիստ ռեժիմի և ռիթմի: Միանգամից կանոնակարգվածություն է մտնում անձի կյանք, որն անձի վրա կարող է բացասաբար անդրադառնալ: Երկրորդ շատ կարևոր հանգամանքը միասեռ միջավայրում գտնվելու հանգամանքն է»,- ասաց Ա.Գասպարյանը:











































