
Վաղը ժամը 22։45-ին Էսքիշեհիր քաղաքում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում կմրցի Թուրքիայի հետ։ Կարևոր խաղից առաջ մեր ազգային թիմն ունի կորուստ։ Թուրքերի ինչպես նաև սեպտեմբերի 11-ին Երևանում կայանալիք խորվաթների դեմ հանդիպումներին չի մասնակցի աջ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, Բարսեղյանը հավաքական էր ժամանել վնասվածքով: Մեր կիսապաշտպանը «Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով: Ազգային հավաքականի բուժանձնակազմի կողմից մանրակրկիտ զննման արդյունքում, ցավոք, պարզ է դարձել, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին: Նա արդեն լքել է հավաքականի ճամբարը: Ավելի վաղ, Հայաստանի Մ-21 հավաքականին էր միացել Սերգեյ Մուրադյանը: Այսպիսով, ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը 23 ֆուտբոլիստներով:
Ինչևէ, փորձենք հասկանալ ինչ մարտավարությամբ և կազմով է պայքարելու մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Թուրքիայի դեմ։ «Առաջին լևատվական»-ի վարկածով Պետրակովը խաղը կսկսի 5-3-2 դասավորությամբ։ Դարպասում կլինի Օգնյեն Չանչարևիչը իսկ պաշտպանության կենտրոնում Վարզդատ Հարոյանը, Գեորգի Հարությունյանն ու և Ստյոպա Մկրտչյանը։ Ձախ եզրից կգործի Նաիր Տիկնիզյանը, իսկ աջից՝ Կամո Հովհաննիսյանը։ Հենակետային գոտում կլինեն Էդուարդ Սպերցյանն ու Ուգեչուկվո Իվուն։ Կիսապաշտպանության աջ եզրում կխաղա Արտակ Դաշյանը։ Ավելի առաջ քաշված կգործեն Լուկաս Սելարայանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը։ Ներկայում մեր հավաքականը թերևս խնդիրր ունի պաշտպանությունում։ Բացառությամբ Ստյոպա Մկրտչյանի մյուս բոլոև կենտրոնականներն ունեն խաղային պրակտիկայի հետ կապված խնդիր։ Ամեն դեպքում Հարոյան-Հարությունյան-Մկրտչյան եռյակը կարելի է համարել ամենաօպտիմալը։ Միևնույն ժամանակ նշենք, որ Հարոյանն ու Մկրտրյանը երկու դեղի քարտ են ստացել և ևս մեկ անգամ զգուշացվելու դեպքում մեկ խաղով կորակազրկվեն։ Ինչ վերաբերվում է հենակետային գոտուն, ապա նախորդ հանդիպումներում համոզվեցինք, որ Սպերցյան-Իվու զույգը թերևս լավագույն տարբերակն է։ Այս երկու ֆուտբոլիստները գտնվում են լավ մարզավիճակում և մեր ազգային թիմի շարժիչ ուժը պետք է լինեն։ Լավ մարզավիճակում է նաև Լուկաս Սելարայանը և վաստահ ենք, որ Պետրակովը նրան կընդգրկի մեկնարկային կազմում։ Ըստ ամենայանի Սելարայանը կկատարի ենթահարձակվողի պարտականությունը, իսկ Ռանոսը կխաղա հարձակման կրակագծում։
Ամենայն հավանականությամբ Թուրքիայի դեմ խաղում խաղաժամանակ կստանան նաև Վահան Բիչախչյանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Արթուր Սերոբյանը։ Վերջիններիս կարելի է համարել հիմնական կազմի ֆուտբոլիստներ։ Ինչ վերաբերվում է Սարգիս Ադամյանին ապա, դժվար է հիշել թե երբ է վերջին անգամ այս խաղացողը լավ ֆուտբոլ ցուցադրել ազգային թիմում։ Մեկնարկած մրցաշրջանում Ադամյանը կարծես հաջող է խաղում գերմանական «Քյոլնի» կազմում։ Հուսով ենք, որ Պետրակովին այնուամենայնիվ կհաջողվի խաղադշտում օգտագործել Ադամյանի որակները։ Հունիսին տեղի ունեցած Ուելսի և Լատվիայի դեմ հանդիպումներին Ադամյանը ընդհանրապես չէր հրավիրվել հավաքական խաղային պրակտիկա չունենալու պատճառով։ Ինչ վերաբերվում է կորստին, ապա կարծում ենք Պետրակովին կհաջողվի լրացնել բացը կիսապաշտպանության աջ եզրում։ Հաշվի առնելով Դաշյանի փորձն ու խաղի կարևորությունը Բարսեղյանի դիրքում հենց նրանք ենք տեսնում։
Չի բացառվում սակայն, որ խաղային այս գոտում խաղա Բալեկյանը, Բիչախչյանը, Սերոբյանը կամ նույն Ադամյանը։ Լատվիայի դեմ կայացած վերջին խաղում աջ եզրում Պետրակովը վստահել էր Բալեկյանին։ Չմոռանանք, որ Թուրքիայի դեմ ծանր խաղից ընդամենը երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանում մրցելու է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հետ։ Այս իրավիճակում անչափ կարևոր է նաև ուժերի և ռեսուրսների ճիշտ բաշխումը։