
Վաղն առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Էսքիշեհիր, որտեղ սեպտեմբերի 8-ին Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ հանդիպումը կանցկացնի մրցելով Թուրքիայի հետ։ Այս պահին մրցաշարային աղյուսակը գլխավորում են թուրքերը, որոնք 4 խաղում վաստակել են 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Առաջիկա հանդիպումը մրցաշարային տեսանկյունից կարող է շրջադարձային լինել թե Հայաստանի և թե Թուրքիայի համար։ Կարևորագույն մրցավեճին Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է ըստ էության օպտիմալ կազմով։ Հրավիրված բոլոր ֆուտբոլիստները ազգային թիմի ճամբարում են, իսկ վնասվածքներ կարծես չկան։ Ավելին, հատկապես միջին և առջևի գծի ֆուտբոլիստները իրենց ակումբներում վերջին շրջանում աչքի են ընկնում արդյունավետ խաղով։ Փորձենք հասկանալ, թե ինչ խնդիրներ ունի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը խաղային օղակներում։ Այս պահին խնդրահարույց կարելի է համարել թերևս պաշտպանական գիծը։ Թիմի ավագ Վարազդատ Հարոյանը ղազախական «Աստանայի» կազմում վերջին շրջանում ոչ միշտ է խաղում մեկնարկային կազմում։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ալբանական «Պարտիզանիի» դեմ վերջին մրցավեճում Հարոյանը հայտավորված է եղել պահեստայինների շարքում և խաղադաշտ դուրս չի եկել։ Վերջին երկու հանդիպումներին պահեստայինների նստարանին է մնացել նաև «Կրասնոդարի» կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանը։ Իր թիմի վերջին 4 հանդիպումներին չի մասնակցել շվեդական «Բրոմապոյկարնայի» կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրը։ Վերջինս օգոստոսի 5-ին տեղի ունեցած «Վերնամուի» դեմ խաղում վնասվածք էր ստացել և հայտարվորված չէր եղել վերջին 4 հանդիպումներից 3-ին։ Մեր պաշտպանն ապաքինվել է վնասվածքից սակայն ակնհայտ է, որ ֆունկցիոնալ վիճակի հետ կապված խնդիրներ ունի։ Փաստորեն, Հայաստանի հավաքականի երեք կենտրոնական պաշտպաններ մարզավիճակի հետ կապված խնդիրներ ունեն։ Չունենալով այընտրանքային լուսում կարծում ենք Պետրակովը խաղային այս օղակում կվստահի Հարոյանին, Հարությունյանին և խորվաթական «Օսիեկի» ներկայացուցիչ Ստյոպա Մկրտչյանին։ Պաշտպանության եզրերում կարծես ամեն ինչ կարգին է։ Կամո Հովհաննիսյանը և Նաիր Տիկնիզյանը մարզավիճակի հետ կապված խնդիրներ չունեն։ Խաղային մյուս օղակներում Պետրակովը ընտրության հնարավորություն ունի։
Սպերցյան, Իվու, Դաշյան, Սելարայան, Բիչախչյան, Բարսեղյան, Սերոբյան, Ռանոս, Բալեյան, Ադամյան։ Այս ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը պատրաստ է և կարող է տեղի ունենալ մեկնարկային կազմում։ Կարճ ասած ուկրաինացի մասնագետն ունի անհրաժեշտ գործիքակազմ առաջիկա խաղում դրական արդյունքի հասնելու։ Կարևորդ դիտարկում, մեր հավաքականը այս ընտրական փուլում առաջին հաղթանակը տարավ հյուրընկալվելիս 4։2 հաշվով պարտության մատնելով Ուելսին։ Խաղալով երկրորդ համարով Պետրակովը տակտիկական առումով ողնչացրեց մրցակցին։ Երևանում կայացած Լատվիայի դեմ մրցավեճում մենք խնդիրներ ունեցանք խաղալով առաջին համարով։ Փաստենք, որ հատկապես արտագնա մրցավեճում Պետրակովի մարտավարությունը շատ ավելի արդյունավետ է, ինչը կարելի է համարել մեր մարզչի հաղթաթուղթը։ «Շատ կարևոր հանդիպում է սպասվում, պատրաստվում ենք խաղին, տեսնենք, թե ինչ կարող է ստացվել: Մեզ հաղթանակ է պետք ու մարտական ենք տրամադրված:
Մրցաշարային առումով շատ կարևոր հանդիպում է լինելու։ Մենք պայքարելու ենք 3 միավորի համար»,- ասել է Էդուարդ Սպերցյանը։ Դրական արդյունք է ակնկալում նաև հավաքականի մեկ այլ առաջատար Լուկաս Սելարայանը․ «Թուրքիան ուժեղ թիմ ունի և արդեն ծանոթ մրցակից է։ Տնային խաղում, կարծում եմ, կարող էինք միանշանակ հաղթանակ տանել։ Լավ խաղ անցկացրեցինք։ Մենք վստահ ենք մեր ուժերին։ Եթե խաղանք սրտով, մեծ ցանկությամբ ու ցուցադրենք մեր ֆուտբոլը, կկարողանանք լավ արդյունքի հասնել։ Անհամբերությամբ եմ սպասում ուրբաթ օրվա խաղին»։