
«Ազգային հավաքականում շատ դժվար խաղ է սպասվում: Հավանաբար, ամենակարևորը, քանի որ երկրորդ տեղում ենք: Մենք երեք միավոր քիչ ունենք Թուրքիայից: Առաջին խաղը նրանց հետ է, մենք հյուրընկալվելու ենք։ Մեզ համար այս խաղը շատ կարևոր է »,- «Championat»-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հայաստանի ազգային թիմի առաջատար ֆուտբոլիստներից Էդուարդ Սպերցյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիր քաղաքի «Յենի Էսքիշեհիր» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում մրցելու է Թուրքիայի հետ։ Հասարակության որոշ շրջանակներում խոսվում է նույնիսկ այս խաղի պատմական լինելու մասին։ Ինչո՞վ է թուրքերի դեմ հանդիպումը պատմական և ինչո՞վ է տարբերվում այն պաշտոնական մյուս մրցավեճերից։ Հարցի պատասխանը գտնել իրականում դժվար է։ Առաջիկա խաղի շուրջ լարվածությունն օր-օրի ավելի է մեծանում։ Շարունակ հնչում են կարծիքներ, որ թուրքերի դեմ դիմակայությունը մեզ համար մահվան խաղ է և որ պարտության դեպքում մեր ֆուտոլիստները չպետք է վերադառնան Երևան։ Կարճ ասած քաղաքական երանգներ հաղորդելով սպորտային մրցավեճին, ոմանք մեր ֆուտբոլիստներին հորդորում են մարզադաշտ դուրս գալ մահ կամ ազատություն հայտնի նշանաբանով։ Ցավոք խաղի շուրջ ստեղծված քաղաքական օրակարգը ակամայից ազդում է նաև ֆուտբոլիստների վրա։
Մասնավորապես, ֆուտբոլիստների վրա ճնշում էր գործադրվում նաև այս տարվա մարտին Երևանում տեղի ունեցած Թուրքիայի դեմ առաջին խաղում։ Լարված պայքարում մերոնք պարտվեցին: Այո, սպորտում գոյություն ունեն սկզբունքային մրցավեճեր, բայց․․․։ Բոլորս ենք ցանկանում հաղթել սկզբունքային խաղում, բայց․․․։ Նպատակին հասնելու համար, սակայն անհրաժեշտ է քաղաքականությունը հեռու պահել սպորտից։ Չմոռանանք նաև 2008 թվականի սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ «Մենք կարծում ենք, որ կարելի է օգտագործել հարաբերությունների կարգավորման այն դրական հնարավորությունները, որոնք կստեղծվեն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Թուրքիայի դեմ ֆուտբոլային խաղերի մասին։ Այս հայտարարությամբ Փաշինյանը ըստ էության պատրաստակամություն էր հայտնել սկիզբ դնել այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ փուլին։ Իսկ ինչպես էր ավարտվել ֆուտբոլային դիվանագիտության առաջին փուլը։ 2008 թ․ սեպետմբերի 6-ին Թուրքիայի դեմ մրցավեճին ներկա էր Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը ժամանաել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգյանի հրավերով։ Սերժ Սարգսյանն իր հերթին Թուրքիայի նախագահի հրավերով ներկա էր գտնվել Բուրսայում տեղի ունեցած հանդիպմանը։ Ֆուտբոլային հանդիպումներին քաղաքական ենթատեքստ հաղորդելու հետևանքով Հայաստանի հավաքականը ցույց տվեց անատամ և թույլ ֆուտբոլ․ երկու դեպքերում էլ պարտվելով միևնույն 0։2 հաշվով։ Հայաստանը հաղթանակ չտարավ նաև դիվանագիտական հարթակում։ Այսօր համոզվում ենք, որ 15 տարի անց մենք կրկնում ենք նույն սխալը։
Ֆուտբոլային հանդիպումները ամենևին էլ լավագույն առիթը չեն Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Հայաստանն ունի հնարավորություն գոնե կանաչ դաշտում հաղթելու Թուրքիային և ռևանշի հասնելով նախորդ պարտությունների համար։ Մենք պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործենք ընձեռված առիթը։ «Ես կողմնակից չեմ, որպեսզի քաղաքականացվի Թուրքիայի դեմ հանդիպումը: Կարծում եմ՝ բոլորն էլ փորձառու ֆուտբոլիստներ են, նրանցից շատերը գալիս են արտերկրից: Ընդ որում, արտերկրում են հայտնվել ոչ իրենց կամքով: Նրանք գիտեն իրենց պատմությունը, ես էլ գիտեմ ձեր պատմությունը: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ թուրքերի հետ դիմակայությունն ինձ համար առաջնային է սպորտն ու ֆուտտբոլը»,- Թուրքիայի դեմ առաջին հանդիպումից առաջ ասել էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Միանգամայն ճիշտ կլինի, որ առաջիկա հանդիպմանն ընդառաջ թե ֆուտբոլիստները, և թե հասարակությունը համախմբվի Պետրակովի գաղափարի շուրջ։ Թուրքիայի դեմ հանդիպումը հերթականն է Հայաստանի հավաքականի համար։ Պատմական չէին նաև այս տարվա մարտին, ինչպես նաև 2008 թվականին տեղի ունեցած հանդիպումները։
Պատմական կարող է դառնալ թերևս Հայաստանի հավաքականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելը։ Սա երազանք է յուրաքանչյուր հայ երկրպագուի համար։ Եկեք չտրվենք քաղաքական մանիպուլյացիաներին և ընտրական մրցաշարի կարևոր փուլում չխորտակենք բոլորիս երազանքը։ Այս պահին մեր հավաքականը երկրորդն է ենթախմբում և լավ հնարավորություն ունի պայքարելու 1-2-րդ հորիզոնականների համար։ Քաղաքական մետաստազները կարող են կործանարար դառնալ մեր պետության գլխավոր թիմի համար։