
«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մերժել է հրավերը Ռուսաստանի ազգային հավաքականից։ Հայ ֆուտբոլիստը որոշում է կայացրել խաղալու Հայաստանի ազգային հավաքականում։ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Սևիկյանին հրավիրել էր սեպտեմբերի սկզբին նախատեսված ուսումնամարզական հավաքականին, որի ընթացքում պետք է կայանա նաև ընկերական հանդիպում Կատարի հետ։ Հրավերը ստանալուց հետո Սևիկյանը հանդես է եկել հայտարարությամբ․ «Սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, իմ անունը եղել է Ռուսաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքին հրավիրված 49 խաղացողների ցուցակում։Ես շատ գոհ եմ, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը ուշադրություն դարձրեց և գնահատեց իմ աշխատանքն ու արդյունքները, Ռուսաստանը ինձ շատ բան է տվել իմ պրոֆեսիոնալիզմի և կարիերայի առումով։ Սակայն այս պահին պետք է տեղեկացնեմ, որ չեմ կարողանա ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին վստահության համար։ Հուսով եմ, որ երկրպագուները ըմբռնումով կվերաբերվեն իմ ընտրությանը և անկախ որոշմանը»։
Սևիկյանի Ռուսաստանի հավաքականին մերժելը մեծ աղմուկ է բարձրացրել։ Ռուսական կողմը ներկայում փորձում է խոչընդոտել Սևիկյանի ֆուտբոլային քաղաքացիությունը փոխելու հետ կապված փաստաթղթային գործընթացը, բայց․․․։ Ստեղծված իրավիճակում ռուսների քայլերը ոչ այլ ինչ են, քան չուզողություն և հուսահատ գործողություններ։ Սևիկյանը Հայաստանի ազգային հավաքականին կմիանա հոկտեմբերին կայանալիք Ուելսի և Լատվիայի դեմ կայանալիք հանդիպումներին։ Արձանագրենք թերևս, որ Սևիկյանի որոշումը պետք է օրինակ ծառայի հայազգի մյուս ֆուտբոլիստների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են կրել Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը։ Նշենք, որ 22-ամյա հայ կիսապաշտպանը դարձել է մեկնարկած մրցաշրջանի հայտնություններից մեկը։ Անցկացրած 8 հանդիպումներում նա արդեն 3 գնդակ է խփել։ Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Նիժնի Նովգորոդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել էր «Ախմատին»։ Դաշտի տերերի կազմում առաջին րոպեին աչքի էր ընկել Սևիկյանը։ Վերջինս ճանաչվել էր նաև այս մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ։ Ավելի վաղ Սևիկյանը գոլի հեղինակ էր դարձել նաև «Նիժնի Նովգորոդի» նախորդ խաղում՝ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում գրավելով Մոսկվայի «Սպարտակի» դարպասը։ Ի դեպ, կատարած դրիբլինգների ցուցանիշով հայ ֆուտբոլիստն առաջինն է Ռուսաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում։ Սևիկլյանը իրականացրել է 12 հաջողվեծ դրիբլինգ։ Առաջին գնդակը այս մրցաշրջանում Սևիլյանը խփել էր Մոսկվայի «Դինամոյի» դարպասը։ Ռուսական մամուլը արդեն գրում էր Սևիկյանին Ռուսաստանի ազգային հավաքական հրավիրելու անհրաժեշտության մասին։ «Եթե առաջարկ լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սիրով կհամաձայնեմ։ Կցանկանայի խաղալ Հայաստանի հավաքականում։ Դիտել եմ վերջին հանդիպումները և ուրախ եմ թիմի արդյունքներից։ Դա շատ լավ է մեզ համար»,- այս տարվա հուլիսին Metaratings-ին տված հարցազրույցում ասել էր Սևիկյանը: Սևիկյանին Հայաստանի հավաքական ընդգրկելու խոսակցությունները սկիզբ էին առել դեռևս 2021 թվականից։
Այն ժամանակ Էդգար Սևիկյանը հանդես էր գալիս Լա լիգան ներկայացնող իսպանական «Լևանտեի» կազմում: Այն ժամանակ ռուսական մամուլում էլ տեղեկություն էր տարածվել, որ Էդգար Սևիկյանը որոշում է կայացրել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Հայ ֆուտբոլիստը ծնվել է Մոսկվայում և «Լոկոմոտիվի» ակադեմիայի սան է։ 2017 թվականին Սևիկյանը բավական բարձր 225 հազար եվրո տրանսֆերային արժեքով տեղափոխվել էր «Լևանտե»։ Ներկայում նրա տրանսֆերային արժեքը կազմում է 500 հազար եվրո։ Սևիկանը ելույթ է ունեցել Ռուսաստանի բոլոր տարիքային հավաքականներում բացի ազգայինից։ Մասնավորապես Ռուսաստանի Մ-20 տարեկանների հավաքականում անցկացնելով 4 հանդիպում Սևիկյանը խփել է 3 գնդակ։ Մ-16 տարեկանների հավաքականի կազմում էլ 12 խաղում խփել է 8 գոլ։
Եվ վերջապես, 2021 թվականին Հայաստանի հավաքականի փոխարեն Էդգար Սևիկյանը նորամուտն էր նշել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, մասնակցելով 4 հանդիպման։ 2021 թվականին Սևիկյանը նորամուտն էր նշել Իսպանիայի Լա լիգայում։ 12-րդ տուրի «Խետաֆեի» դեմ մրցավեճում հայ կիսապաշտպանը փոխարինման էր դուրս եկել հանդիպման 83-րդ րոպեին։Ավելի վաղ «Լևանտեի» գլխավոր թիմում Սևիկյանը մասնակցել էր նաև Իսպանիայի գավաթի խաղարկությանը՝ փոխարինման դուրս գալով «Ռասինգ Մուրսիայի» դեմ մրցավեճում։ Սևիկյանը դասվում էր «Լևանտեի» ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում։