Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադառնալով մեզանում մեծ տարածում գտած արտագաղթին` դրամատուրգ Կարինե Խոդիկյանը լրագրողներին ասաց, որ իր ծանոթներին օդակայանում ճանապարհելիս ականատես է եղել սարսափելի մի երևույթի` մարդիկ լքում էին Հայաստանը ոչ թե լացելով, վերադառնալու ակնկալիքով, այլ ատելությունն աչքերին: «Հեռանում էին` իրենց ատելությունը թողնելով մեզ»: Նրա խոսքով` սարսափելին այն էր, որ հեռացողների աչքերում ատելություն ու չարություն կար:
Դրամատուրգն ահազանգ հնչեցրեց, որ ոչ ոք քայլեր չի ձեռնարկում այդ մարդկանց կանգնեցնելու համար: Կարծես անտարբերություն կա այն բանի հանդեպ, որ մարդիկ հեռանում են: «Տղամարդիկ չեն կարողանում պահել իրենց ընտանիքը: Ինքնասպանության մի տեսակ էլ չէ՞, որ մարդիկ թողնում գնում են, լքում իրենց երկիրը»,- հռետորական հարց բարձրացրեց Կարինե Խոդիկյանը` հավելելով, որ դա նույնիսկ ինքնասպանությունից ավելի վատ է:











































