Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նոյեմբերի 30-ին հաստատել է 24 միլիոն դոլարի չափով «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» վարկային ծրագիրը:
«Այս խիստ նորարարական ծրագիրը կաջակցի Հայաստանի կառավարության` Հայաստանում մրցունակ էլեկտրոնային հասարակության և ձեռնարկությունների համար նորարարության սահմանափակումների խնդրի լուծմանն ուղղված ընթացիկ ջանքերին` ամրապնդելով ենթակառուցվածքներն ու նպաստավոր միջավայրը: Ծրագիրը լիովին համահունչ է կառավարության` ներառական էլեկտրոնային հասարակության տեսլականին, որն ուրվագծված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգում»,- նշված է ՀԲ Երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունում: Ըստ հաղորդագրության, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը ընկերությունների և ձեռնարկությունների համար հասանելի կդարձնի նոու-հաուն, ծառայություններն ու հնարավորությունները, որոնք ներկայումս մատչելի չեն այս մարզում: