ԵԱՀԿ-ի անդամ երկրների միջև անվստահությունը նվազեցրել է ճգնաժամերին արձագանքելու՝ կազմակերպության հնարավորությունները,- այսօր Աստանայում ընթացող գագաթնաժողովում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Պերրեն դե Բրիշամբոն. հաղորդում է Kazakhstan Today-ը: «Ընդհանուր նպատակների բացակայությունը անդամ պետությունների միջև դրսևորվեց նրանում, որ գագաթնաժողով չանցկացվեց 11 տարի»,- նկատել է Բրիշամբոն. «Դուք բոլորդ այստեղ կարող եք ազդակ հաղորդել եվրատլանտյան հանրությանը և եվրասիական անվտանգությանը ընդհանուր արժեքների հիմքով: Այսօր դուք կարող եք ամրապնդել հնարավորությունները հակամարտությունների կարգավորման գործընթացում»,- նշել է նա: Ապա ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հավելել է. «ԵԱՀԿ-ն կարող է այնքան արդյունավետ լինել, որքան մենք ցանկանաք: Այդ իսկ պատճառով Աստանայի փաստաթուղթը հնարավորություն է տալիս նոր շունչ հաղորդել մեր կազմակերպությանը, տալ հստակ և միանշանակ ցուցումներ հիմնարար սկզբունքների վերաբերյալ և հստակ համաձայնեցնել նրա ռազմավարական ուղղությունները: Շրջանակային ծրագրի նախագիծը կդառնա մեր «ճանապարհային քարտեզը»: Ծրագիրը ԵԱՀԿ-ին գործիքներ կտա իր խնդիրների իրականացման հարցում»,- նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Պերրեն դե Բրիշամբոն: