Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կրինիցայում տեղի ունեցած 21-րդ Միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ պատմական գլխավոր իրադարձությունները ոչ ոք չի կարող նախապես կանխատեսել.
«Ոչ ոք չէր ակնկալում այն գունավոր հեղափոխությունները, որոնք տեղի ունեցան Վրաստանում և Ուկրաինայում։ Այստեղ գտնվում է CNN-ի թղթակից Բրայան Չիլկոտը, ով հանդիսանում է «Վարդերի հեղափոխության կնքահայրը»։
Ոմանք կարծում են, թե մենք գաղտնի ընդհատակյա հանդիպման ժամանակ նստել և նախապես պլանավորել ենք, թե ինչպես անվանել հեղափոխությունը, սակայն դա այդպես չէ։ Բրայան Չիլկոտը վարում էր CNN-ի ուղիղ եթերով 4 ժամ անընդմեջ հեռարձակվող հեղափոխությունը և այդ ընթացքում բացականչել է «Սա իսկական վարդերի հեղափոխություն է»։ Այդտեղից էլ ծագեց հեղափոխության անվանումը։
7 տարի առաջ Վրաստանը փաստացիորեն չկայացած երկիր էր։ Մենք սկսել ենք պետություն կառուցել գրեթե զրոյից»։
Հիշեցնենք, որ Վրաստանում «Վարդերի հեղափոխությունը» տեղի է ունեցել 2003 թվականի նոյեմբերի 2-4-ին։ Հեղափոխության հիմնական մոտիվը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների կեղծումն էր։ «Վարդերի հեղափոխության» արդյունքում Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները, և երկրի ղեկավարությունն անցավ ընդդիմադիրներին, որոնց գլխավորում էր Միխեիլ Սաակաշվիլին։










































