Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը իրականացրել են պաշտպանական խորհրդակցություններ, վերհաստատելով ոլորտում գործակցության պատրաստակամությունը: Հայաստան, Հունաստան և Կիպրոս եռակողմ գործակցության ձևաչափին անդրադարձել եմ բազմիցս: Ձևաչափն ինչպես հայտնի է նախաձեռնվեց 2019-ի մարտին, սակայն առ այսօր այդպես էլ չի հասունացել Վեհաժողովի մակարդակի և տեղի չի ունեցել երեք երկրների առաջին դեմքերի համատեղ հանդիպում: Այն իհարկե ինքնանպատակ լինել չի կարող և կարևոր է, որ հանդիպումն ուղեկցվի առարկայական բովանդակությամբ: Սակայն այն, որ առ այսօր ձևավորված չէ այդպիսի հանդիպման բերող օրակարգ, արդեն իսկ թույլ է տալիս խոսել աշխատանքը առավել խորացնելու անհրաժեշտության մասին:
Բոլոր դեպքերում, ոլորտային գործակցությունը, այդ թվում պաշտպանական ոլորտում, անշուշտ շատ կարևոր է և Հայաստանի համար այն ունի բազմակի կարևորություն: Զինված ուժերի ռեֆորմացիայի ռազմավարական խնդրի համատեքստում առավել էական է դառնում տարբեր արդիական մեխանիզմների հետ հաղորդակցությունն ու աշխատանքը: Իսկ տվյալ դեպքում գործ ունենք ՆԱՏՕ անդամ սուբյեկտի՝ Հունաստանի հետ, որը իր զինուժի ձևավորման և կառավարման հարցում անշուշտ ունի զգալի հաջողություններ, որոնց հիմքում իհարկե ՆԱՏՕ ստանդարտներն են: Այդ իմաստով, Հայաստան-Հունաստան ռազմական գործակցությունն ունի իհարկե ավելի քան երկու տասնամյակի պատմություն, և անհրաժեշտ է, որպեսզի գործակցությունը բարձրանա որակապես նոր մակարդակի:
Իհարկե այստեղ պետք է հաշվի առնել մի շարք իրողություններ, այդ թվում քաղաքական, որոնք բնականաբար անհրաժեշտ են դարձնում «գետնից չկտրվելը»: Միևնույն ժամանակ սակայն, տեղում չդոփելն ու բոլոր ուղղություններով աշխատելը Հայաստանի համար ներկայումս կարևորագույն խնդիր է: Հայաստան, Հունաստան, Կիպրոս ձևաչափն այդ առումով իհարկե ինքնին կարող է լինել բավականին բազմիմաստ ելակետ, ընդ որում ոչ միայն դեպի Արևմուտք հարաբերության առարկայացման իմաստով, այլ նաև դեպի հարավ-արևելք, նկատի ունենալով այն, որ թե Հունաստանը, թե Կիպրոսը վերջին տարիներին բավականին աշխույժ քաղաքականություն են ծավալում այդ ուղղությամբ: Իսկ դա Հայաստանի համար գործնականում մի ուղղություն է, որտեղ կա բավականին խորը պատմա-քաղաքական հետագիծ, սակայն միաժամանակ նաև ընթացիկ գործնական քաղաքականության ինտենսիվացման հնարավորությունների անհրաժեշտություն: