Ինչու՞ խորհրդարանական ընդդիմությունը ուղղակի չի ներկայացնում «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնող» օրենքի նախագիծը։ Պատասխանը շատ պարզ է. նման նախագծի ընդունման հաջորդ վայրկյանին Ադրբեջանը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ կսկսի լայնածավալ ռազմական ագրեսիա՝ դրանից բխող հետևանքներով։ Այս մասին գրել է ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը․
«Հետևաբար խորհրդարանական ընդդիմությունը նոր պատերազմի պատասխանատվությունը իր վրայից փորձում է գցել ժողովրդի վրա։
Իսկ նոր պատերազմը ընդդիմությանը պետք է շատ պարզ պատճառով, միայն այդ դեպքում, Հայաստանի ծանր մարդկային ու տարածքային կորուստների գնով, իրենք կարող են գալ իշխանության, այլ տարբերակ իրենք պարզապես չունեն։
Ուստի «Հայաքվեն» ունի միայն մեկ քաղաքական հետևանք՝ կարձակի Ադրբեջանի ձեռքերը, որպեսզի հերթական ռազմական ագրեսիան լինի Ադրբեջանի կողմից, իսկ նա, ով ստորագրում է այդ թղթի տակ, իր գործողությամբ անուղղակի առիթ է տալիս Ադրբեջանին հայտարարել պատերազմ Հայաստանին և Արցախին։
ՀԳ։ Հուսով եմ նախագծի տակ ստորագրողներն ու իրենց որդիները, Աստված մի արասցե, ադրբեջանական հաջորդ ագրեսիայի ժամանակ առաջինը կմեկնեն առաջանագիծ ու կպաշտպանեն հայրենիքը, ինչպես նաև զանազան պատրվակներով չեն խուսափի մեկամսյա հավաքներից»։