Բահրեյնում ցուցարարների և ոստիկանների միջև բախումները վերսկսվել են: Ինչպես հայտնում է Al-Jazeera-ն, շիա ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ժամանակ տասնյակ մարդիկ են վիրավորվել: Միաժամանակ երկրի իշխանությունները հայտարարել են, որ ազատ են արձակել այն 11 բժիշկներին, ում նախկինում դատապարտել էին ընդդիմադիրներին զենք մատակարարելու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ արաբական երկրներում այս տարվա սկզբից տեղի ունեցող հեղափոխական տրամադրությունները չէին շրջանցել նաև Բահրեյնը: Այս երկրի առանձնահատկությունն այն է, որ բնակչության ճնշող մեծամասնությունը շիաներ են, իսկ ամբողջ վերնախավը՝ սունիներ:
Հակակառավարական ցույցերն այս երկրում սկսվել էին գարնանը, ցուցարարները հիմնականում շիաներ էին, ովքեր պահանջում էին հարգել իրենց իրավունքները և թույլ տալ մասնակցել երկրի կառավարմանը:











































