Այս տարվա հոկտեմբերի 10-15-ը Հայաստանում կանցկացվի «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը, որը վերջին անգամ անցկացվել էր 2007 թվականին: Այս մասին այսօր ասաց «Միսս Հայաստան» գործակալության գործադիր տնօրեն և կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը՝ գեղեցկության միջազգային օրվա առթիվ հրավիրված ասուլիսում: Նա տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցելու հայտերը կընդունվեն մինչև սեպտեմբերի 21-ը: Այս պահի դրությամբ ստացվել է մոտ 100 դիմում: Ինչ վերաբերում է մրցույթի պահանջներին, դրանք չեն փոխվել: Աղջիկների տարիքը պետք է լինի 17-24, հասակը` 1.70-ից բարձր: Վերջնարդյունքում ընտրվելու է 24 ներկայացուցչի հայտ, ովքեր իրենց ուժերը կփորձեն գեղեցկության մրցույթում:
Այն հարցին, թե ինչու մի քանի տարի շարունակ գեղեցկության մրցույթ չի կազմակերպվել, Մամիկոն Դանիելյանը նշեց, որ պատճառները եղել են ֆինանսական. նախկինում մրցույթներն անցկացվել են հովանավորների շնորհիվ, իսկ պետությունն ընդհանրապես չի օժանդակել: Ըստ նրա՝ դժվար է խոսել հայ մոդելների հաջողության մասին արտերկրում, քանի որ Հայաստանում մոդելային բիզնես ձևավորված չէ, և հայ մոդելները հնարավորություն չեն ունեցել ներկայանալ միջազգային մրցույթներին:











































