
Հայաստանում հրապարակվել է սոցհարցում, որն այն մասին է, թե քաղաքացիներն ինչպես են վերաբերում Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Ըստ հարցման պատկերի, քաղաքացիների մեծամասնությունը դրանց վերաբերում է վատ: Կասկածի ենթակա՞ են սոցհարցման թվերը, թե՞ ոչ, սա հարցի մի կողմն է: Հայաստանում սոցիոլոգիայի ինստիտուտի խնդիրների մասին խոսվել է շատ և թերևս չկա ներկայումս կրկնել դրանք, խոսել սոցիոլոգիայի հանդեպ հանրային վերաբերմունքի տարբեր շերտերի մասին՝ հոգեբանականից մինչև սոցիալ-տնտեսական, ինչը կարող է «օբյեկտիվորեն» բերել պատկերի աղավաղման, այսպես ասած՝ անկախ սոցիոլոգի կամքից: Սա խորը խնդիր է, և կարևոր, անշուշտ:
Միևնույն ժամանակ, Արցախի հարցը, հայ-ադրբեջանական հակամարտության հարցը թերևս ինքնին չափազանց խորը ու տարողունակ հարց է՝ սոցիոլոգիական հարցումների տիրույթում տեղավորելու համար: Դրանք բացի խնդրի հանդեպ կամա, թե ակամա տարալուծող ներգործություն ունենալուց, թերևս չեն կարող օգնել ոչ մի առումով: Առավել ևս սոցիոլոգիային առնչվող այն խնդիրների պայմաններում, որ առկա են Հայաստանում: Իսկ Արցախի խնդրի առումով, Հայաստանի անելիքը պետք է լինի ոչ թե հարցը, այդ տարողունակ աշխարհաքաղաքական թնջուկը հասարակացնելը, այլ քաղաքագիտականացնելը, քաղաքականացնելը, որպեսզի հարցը լինի այդ քննարկումների դաշտում, այդտեղ մշակվեն և ձևավորվեն մոտեցումներն ու բանավեճը, որը պետք է թույլ տա Հայաստանին պատրաստել ծանր խնդրի հեռանկարների հետ կապված տարբեր սցենարներ, հաշվի առնելով միջազգային անորոշությունը: Այդ գործում իհարկե կարևոր են հանրային տրամադրությունները, բայց դրանց պետք է տեղեկանալ այսպես ասած «ներքին սպառման» կարգով, այսինքն՝ սոցիոլոգիան կիրառել իբրև «խոհանոցային» գործիք, այլ ոչ հրապարակային: Այլապես, սոցիոլոգիական մի հղումով մատնացույց է արվում, որ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է Արցախի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին, մեկ այլ սոցիոլոգիական հղումով տարածվում է, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն անտարբեր է Արցախի հանդեպ: Վաղը կարող է տարածվել մի երրորդ սոցիոլոգիական պատկեր: Դրանք պարզապես առավել խճողում են իրավիճակն ու առաջացնում բաժանարար գծեր, ձևավորելով այդ դաշտում քաղաքական նենգափոխումների և հասարակական-քաղաքական «մակաբուծության» անդաստան, որտեղ չորանում է Հայաստանի պետականության համար ողնաշարային նշանակություն ունեցող խնդրի համար կենսականորեն անհրաժեշտ քաղաքական միտքը: