
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են օգտագործելու ռազմական լծակներ Իրանի միջուկային ծրագրի զարգացումը կասեցնելու համար։ Այդ մասին հաղորդում է Նեթանյահուի հարցազրույցը բրիտանական Sky News-ին:
«Իրանը բացահայտորեն հետամուտ է Հոլոքոստի կրկնությանը և վեց կամ յոթ միլիոն հրեաների ոչնչացմանն Իսրայելում: Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել և ոչինչ չանել և նրանց թույլ տալ դա անել: Ես չեմ կարծում, որ դիվանագիտությունն ինքնին կաշխատի: Կարծում եմ, որ դիվանագիտությունը կարող է աշխատել միայն իրական ռազմական սպառնալիքի կամ ռազմական տարբերակի դիմելու պատրաստակամության հետ զուգակցմամբ, եթե զսպումն անհրաժեշտ արդյունքներ չտա… Մենք անհրաժեշտ ամեն ինչ կանենք մեզ պաշտպանելու համար, բայց ես մանրամասներ չեմ հայտնի», – ասել է նա։
Նեթանյահուն նաև հույս է հայտնել, որ շուտով կկարգավորվեն Սաուդյան Արաբիայի հետ Իսրայելի հարաբերությունները:
«Մենք հիանալի հնարավորություններ ունենք մեր տարածաշրջանում առաջ տանելու խաղաղությունը, մեր երկու երկրների միջև խաղաղությունը, մեր ժողովուրդների բարեկեցությունը: Կարծում եմ, որ սա կփոխի պատմությունը: Մենք արդեն պատմական քայլ ենք կատարել՝ ստորագրելով չորս հաշտության պայմանագրեր, որոնք իմ ղեկավարությամբ Իսրայելը կնքել է ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի հետ», – ընդգծել է նա: