
Առաջիկա 10 օրերի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը հերթական երկու հանդիպումները կանցկացնի ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հունիսի 16-ին մերոնք Քարդիֆում կմրցեն Ուելսի հավաքականի հետ, իսկ երեք օր անց Երևանում կհյուրընկալեն Լատվիային։ Նշենք, որ Պետրակովի գլխավորությամբ մեր հավաքականը դեռևս հաղթանակ չի տարել։ Մարտի 28-ին Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին չէր հաջողվել հաղթել նույնիսկ Կիպրոսին։ Ցուցադրելով լավ խաղ և ունենալով զգալի առավելություն մերոնք մրցավեճն ավարտել էին ոչ-ոքի 2։2 հաշվով։ Հիշեցնենք, որ մարտի 25-ին Հայաստանի ընտրանին 2024 թվականի Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում 1։2 հաշվով զիջել էր Թուրքիային։ Ցավալի պարտությունից հետո բոլորս էինք ցանկանում հաղթել գոնե Կիպրոսին, բայց․․․։ Երբ երկու հանդիպումներն արդեն անցյալում են, առաջիկա մրցավեճերից առաջ հարկ ենք համարում իրավիճակին սթափ գնահատակ տալու։ Կիպրոսի դեմ խաղում կարող էինք նույնիսկ խոշոր հաշվով, եթե Պետրակովը փորձարկումներ չկատարեր։ Ուկրաինացի մասնագետը խաղաժամանակ տվեց ազգային թիմ հրավիրված գրեթե բոլոր ֆուտբոլիստներին։
«Լավ հանդիպում ստացվեց, ինձ համար շատ ուսուցողական էր, հետևեցի նորեկների խաղին: Այլևս ընկերական խաղեր չունեմ, դրա համար փորձեցի այս խաղից շատ ինֆորմացիա ստանալ: Կհասկանամ ում վստահեմ, ով պետք է մնա հավաքականում և ում պետք է փնտրել ապագայում: Հայաստանի առաջնություն ու ազգային հավաքականի մակարդակով խաղալը միանգամայն տարբեր բաներ են, այդ իսկ պատճառով այսօր փորձարկեցի գրեթե բոլորին: 7 ֆուտբոլիստ իրենց նորամուտիը նշեցին, մեկը մի փոքր լավ, մեկը մի փոքր վատ։ Շատ էիք ուզում հաղթել, բայց ինչպես տեսնում եք՝ նորից չստացվեց»,- խաղից հետո ասել էր Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ: Սա այն դեպքն է երբ չհաղթելու մեջ չի կարելի մեղադրել գլխավոր մարզչին։ Չմոռանանք, որ Թուրքիայի դեմ խաղից հետո ազգային թիմից հեռացել էին Լուկաս Սելարայանը, Նորբերտո Բալեկյանը, Էդգար Բաբայանը, որոնք պայմանավորվածության համաձայն միացել էին իրենց ակումբներին։ Վնասվածքի պատճառով Կիպրոսի դեմ խաղին հայտավորված չէին կենտրոնական պաշտպաններ Տարոն Ոսկանյանն ու Անդրե Չալըշըրը։ Պետրակովը այս խաղը կառուցել էր մեծ հաշվով նոր գործիքակազմով։ Խաղային ձեռագրի հարցում սակայն փոփոխություն տեղի չէր ունեցել։ Մեր ֆուտբոլիստները առանց դժվարության դուրս էին գալիս սեփական կիսադաշտից և սուր գրոհներ կազմակերպում հատկապես եզրերից։ Կարճ ասած Պետրակովին հաջողվել է գործարկել ֆուտբոլային մեխանիզմ, որը աշխատում է։ Այլ հարց է դրվագային վրիպումները, թերացումներն ու կադրային խնդիրները, որոնք պետք է շտկված լինեն Ուելսի դեմ մրցավեճում։ Եթե Թուրքիայի հետ խաղում Հայաստանի հավաքականում առաջին հանդիպումն անցկացրած Գեորգի Հարությունյանը Ուգոչուկվո Իվուն ու Նաիր Տիկնիզյանը ուղղակի փայլեցին, Կիպրոսի դեմ մրցավեճում պատկերն այլ էր։
Այո, 19-ամյա Հրանտ-Լեոն Ռանոսը ֆանտստիկ ֆուտբոլ ցույց տվեց, բայց մյուս նորեկները առանձնապես չտպավորեցին։ Որոշակի վերապահում առանձնացնենք թերևս կենտրոնական պաշտպան Երջանիկ Ղուբասարյանին։ Վերջինս այս հավաքականի ճամբարում չէ և չի մասնակցի առաջիկա հանդիպումներին։ Փոխարենը Պետրակովը հրավիրել է «Նոայի» երիտասարդ պաշտպան Սերգեյ Մուրադյանին։ Նշենք, որ վերջին խաղի երկրորդ կեսի միջնամասում ականատեսը եղանք ֆուտբոլիստների որակական դիսբալանսի։ Մասնավորապես, առաջատար ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանին, Կամո Հովհաննիսյանին, Էդուարդ Սպերցյանին, Տիգրան Բարսեղյանին չէր հաջողվում առաջ մղել խաղընկերներին։ Սպասելիքներն ավելի մեծ էին Ժիրայր Շաղոյանից, որը տեղ չէր գտել Թուրքիայի դեմ խաղի հայտացուցակում։ Եվս մեկ կարևոր դիտարկում, Հայաստանի առաջնությունը ներկայացնող երիտասարդ ֆուտբոլիստներից ոչ մեկը կրկին աչքի չընկավ։ Կիպրոսի դեմ խաղից հետո Պետրակովը դիմել է կադրային փոփոխությունների։ Ազգային թիմ է հրավիրվել «Ալաշկերտի» դարպասապահ Օգնեյն Չանչարևիչին, հենակետային Վբեյմար Անգուլոյին և հարձակվող Արթուր Միրանյանին։
Ազգային թիմ է հրավիրվել «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն, ինչպես նաև Արտակ Դաշյանը, որը որակազրկման պատճառով բաց թողեց նախորդ հանդիպումները։ Նախորդ հանդիպման համեմատ ազգային թիմ չեն հրավիրվել գերմանական «Քյլոնի» հարձակվող Սարգիս Ադամյանը, դանիական «Ռաններսի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը, ինչպես նաև «Արարատ-Արմենիայի» հենակետային Կարեն Մուրադյանը։ Պետրակովը որոշակիորեն «խմբարգել» ազգային թիմի կազմը և լիահույս ենք, որ այն դրական ազդեցություն կունենա։ Հանուն արդարության նշենք, որ ազգային թիմում ներկայումս էլ կան Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ, որոնց խաղամակարդակը չի համապատասխանում հավաքականին։ Ամեն դեպքում, ունենք այն ինչ ունենք և պետք է փորձել առաջ շարժվել եղածով։