Միացյալ Նահանգները Կանադա է ուղարկել հրշեջների, ինչպես նաև տեխնիկա՝ անտառային հրդեհների մարման գործում աջակցություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Twitter-ի իր էջում:
«Մենք տեղակայել ենք ավելի քան 600 ԱՄՆ հրշեջների, աջակցող անձնակազմ և սարքավորումներ Կանադային աջակցելու համար, մինչ նրանք արձագանքում են ռեկորդային անտառային հրդեհներին. իրադարձություններ, որոնք սաստկանում են կլիմայական ճգնաժամի պատճառով», – գրել է Սպիտակ տան ղեկավարը:
Ջո Բայդենը նաև ամերիկացիներին նախազգուշացրել է օդի աղտոտվածության վտանգավոր մակարդակի մասին:
«Շատ կարևոր է, որ այն ամերիկացիները, որոնք գտնվում են օդի վտանգավոր աղտոտվածության գոտում, հատկապես՝ առողջական խնդիրներ ունեցողները, լսեն տեղական իշխանություններին՝ պաշտպանելու իրենց և իրենց ընտանիքներին», – նշել է Բայդենը: