
Հունիսի 7-ին հեռախսազրույց են ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները: Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թուրքիայի նոր արտգործնախարար Հաքան Ֆիդանին, որը մինչ այդ Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարն էր: Հաքան Ֆիդանը նախարար է նշանակվել Էրդողանի վերընտրությունից հետո: Ավելին, Ֆիդանի նշանակումը փորձագիտական շրջանակները դիտարկում են ավելի լայն հեռանկարի շրջանակում, մասնավորապես՝ մեղմ ասած ոչ այնքան առողջ Էրդողանի ժառանգորդի խնդրի համատեքստում, նկատելով, որ նա գուցե այդ հարցում հիմնական թեկնածուներից մեկն է, եթե կարողանա նաև իրեն լավ դրսևորել արտգործնախարարի պաշտոնում:
Սա իհարկե ուշագրավ և դիտարժան հանգամանք է, քանի որ այդ համատեքստում հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը, ընդհանրապես հայ-թուրքական հարաբերության հարցը կարող է ստանալ հավելյալ նշանակություն, և որոշակի իմաստով Ֆիդանի համար անգամ անձնական նշանակություն: Հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերության նշանակությունը Թուրքիայի ու մի շարք երրորդ երկրների հարաբերությունների համատեքստում, հատկապես Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Իրան, և ներկայումս ոչ շատ ընդգծված, սակայն բավականին շոշափելիորեն ծավալվող հեռանկարում՝ Հնդկաստան և Չինաստան, Հաքան Ֆիդանը այդ հարցում իր որևէ արդյունավետություն կարող է դիտարկել նաև Թուրքիայում Էրդողանի ժառանգորդ լինելու հարցում միջազգային լոյալություն ստանալու հնարավորութուն:
Իհարկե Թուրքիան այդ պետությունը չէ, որտեղ իշխանության ձևավորումը լինի արտաքին ազդեցության հետևանք կամ արդյունք, սակայն միևնույն ժամանակ Թոււրքիայի իշխանության ձգտող որևէ սուբյեկտի համար, հատկապես համաշխարհային ավելացող անորոշության պայմաններում, արտաքին միջավայրում ընկալվածությունը ամենևին երկրորդական գործոն չէ: Սա բացարձակապես չի նշանակում, որ Հաքան Ֆիդանը արտգործնախարարի պաշտոնում վարելու է Հայաստանի հետ հարաբերության գործընթացի կամ խնդրի առնչությամբ Թուրքիայի ձևավորված քաղաքականությունից տարբեր, առավել ևս առանձնահատուկ բարյացկամ քաղաքականություն: Ոչ, ամենևին, խոսքը ընդհանրապես այդ մասին չէ, այլ առաջացած փոքր մոտիվացիոն տարբեր և իհարկե նաև հարաբերական ու հակասական հանգամանքների, որոնք կարող են մի կողմից լինել թե հնարավորություն, թե մարտահրավեր: Միրզոյան-Ֆիդան շփումը ուշադրության է արժանի թերևս այդ տեսանկյունից, և իհարկե հետաքրքիր է հանգամանքը, թե ում նախաձեռնությամբ է եղել հեռախոսազրույցը՝ նախաձեռնությունը Երևանի՞ց է, թե՞ Անկարայից: Հետաքրքիր է թերևս նաև այն, թե արդյո՞ք Ֆիդանի նշանակումից հետո կարճ ժամանակ անց Հայաստանի արտգործնախարարի հետ նրա շփումը Հայաստանի վարչապետի Էրդողանի երդմնակալությանը մասնակցության առիթով Անկարա այցի ընթացքում հաղորդակցված հանգամանք էր: