
Դնեպրի հոսանքի արագության տասնապատիկ աճը բարդացնում է մարդկանց տարհանումն այն տարածքներից, որոնք հեղեղվել են Կախովկայի հիդրոէլեկտրակայանի վթարի հետևանքով: Խերսոնի մարզը, որտեղ գտնվում է Կախովկայի ՀԷԿ-ը, Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ: Բնակչության տարհանումներ են իրականցվում ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից:
Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, Խերսոնի մարզում ՌԴ-ի կողմից նշանակված կառավարության նախագահ Անդրեյ Ալեքսեենկոն հայտնել է, որ վտանգավոր գոտիներից ժամանակին չմեկնած մարդկանց ստիպված իջեցնում են տանիքներից և ցանկապատերից։
«Երեկ մենք նրանցից շատերին ապարդյուն համոզում էինք մեկնել ժամանակավոր տեղավորման վայրեր,- գրել է նա Telegram ալիքում: – Այսօր հարկադրված նրանց մոտ ենք հասնում ԱԻՆ-ի (Արտակարգ իրավիճակների նախարարության) լողամիջոցներով: Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ Դնեպրի հոսանքի արագությունը 10 անգամ ավելացել է»։
Տարածաշրջանի կառավարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ԱԻՆ-ի փրկարարների խումբն ավելացվել է մինչև 428 հոգի և 188 միավոր տեխնիկա, մոբիլիզացվել են մարզում առկա բոլոր արտաճանապարհային բեռնատարներն ու ավտոբուսները։ Նա ընդգծել է, որ աշխատանքն իրականացվում է շուրջօրյա։