
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից և հույս հայտնել, որ կկարողանա մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։ «Ինձ լավ եմ զգում, անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինեմ եզրափակիչին։ Հույս ունեմ՝ կկարողանամ օգնել թիմին։ Չունեմ Չեմպիոնների լիգայի գավաթը և ցանկանում եմ նվաճել այն: «Մանչեսթեր Սիթին» աշխարհի լավագույն թիմերից է։ Նրանք ունեն հրաշալի կազմ, գերազանց կիսապաշտպաններ, բայց մեր կիսապաշտպաններն էլ ուժեղ են, գիտեն գնդակ խլել և գրոհներ նախաձեռնել», – ասել է Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը վերջին մի քանի օրերին լիարժեք մարզումների է անցկացրել ընդհանուր խմբի հետ և պատրաստ է հունիսի 10-ին կայանալիք մեծ խաղին։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը մայիսի 16-ին վնասվածք էր ստացել «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում և փոխարինվել 44-րդ րոպեին։
Ախտորոշվել էր ձախ ազդրի մկանային լարվածություն: Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «Ինտերի» կազմում անցկացրել է 48 հանդիպում, դարձել 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ինչևէ, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում Մխիթարյանը լինելու է ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում։ Մխիթարյանն ֆուտբոլի պատմության ընթացքում մեջ կարող է դառնալ առաջին ֆուտբոլիստը, որը կլինի եվրոպական բոլոր ակումբային մրցաշարերի գավաթակիր։ Նման հաջողության չեն հասել նույնիսկ կենդանի լեգենդներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն։ 2017 թվականի մայիսին՝ Եվրոպա Լիգայի եզրափակչում Մխիթարյանը գրավել էր հոլանդական «Այաքսի» դարպասը և հաղթանակ պարգևել անգլիական թիմին։ Հենրիխ Մխիթարյանն այդ տարի 6 գնդակով դարձել էր Եվրոպա լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաշատ գոլեր խփած խաղացողը։ Արդեն 2022 թվականին «Ռոմայի» կազմում, Մխիթարյանը դարձել էր Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն արդեն իսկ երկու տիտղոս նվաճել է «Ինտերի» կազմում։ Մայիսի 24-ին «Ինտերը» նվաճեց Իտալիայի գավաթը։
Եզրափակիչ մրցավեճում միլանյան թիմը երեկ մրցեց «Ֆիորենտինայի» հետ և առավելության հասավ 2։1 հաշվով: Նշենք, որ այս տիտղոսին միլանյան թիմը տիրացավ 3-րդ տարին անընդմեջ։ Այս տարվա հունվարին հայ ֆուտբոլիստը առաջին տիտղոսն էր նվաճել Իտալիայում։ Սուպերգավաթի համար մրցավեճում, միլանյան դերբիում «Ինտերը» 3։0 հաշվով առավելության էր «Միլանի» նկատմամբ։ Ի դեպ, Մխիթարյանը այս նվաճումից հետո ֆանտաստիկ ցուցանիշ էր գրանցել նվաճելով 5-րդ սուպերգավաթը։ Մխիթարյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի, Դոնեցկի «Շախտյորի» հետ՝ Ուկրաինայի, Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ Գերմանիայի, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Անգլիայի սուպերգավաթակիր։ Փաստորեն տիտղոսների հավաքածուն ամբողջական դարձնելու համար Մխիթարյանին պակասում է թերևս Չեպիոնների լիգայի գավաթը։ Հայ ֆուտբոլիստը կարևոր ֆիգուր է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի համար։ Մխիթարյանը կարող է դառնալ եզրափակիչ խաղի գլխավոր դերակատարը «Ինտերի» կազմում։
Չնայած մեր ֆուտբոլիստը նոր է ապաքինվել վնասվաքծից և խաղային պրակտիկայի հետ կապված խնդիրներ ունի այնուամենայնիվ, իտալական մամուլը գրում է, որ Ինձագին ռիսկի դիմելով Մխիթարյանին եզրափակիչ խաղում կընդգրկի թիմի մեկնարկային կազմում։ Ի դեպ, «Ինտերը» 6-րդ անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Նախորդ անգամ թիմը եզրափակիչ էր հասել 2010-ին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ եւ նվաճել գավաթը՝ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթելով Մյունխենի «Բավարիային»։«Ինտերը» գլխավոր եվրագավաթային մրցաշարի տիտղոսը նվաճել է նաեւ 1964, 1965 թվականներին։ 1967, 1972 թվականների եզրափակիչներում պարտություն է կրել։