
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հերթական անգամ անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության նախագծի շուրջ արևմտյան աշխուժությանը, կասկածի տակ դնելով այդ աշխուժության անկեղծությունը: Զախարովան դա անում է պարբերաբար: Նա ճեպազրույցի ընթացքում կշտամբել է նաև Հայաստանի ԱԽ քարտուղարին, ասելով, թե նրա հայտարարությունները կշտամբանք են Մոսկվայի հասցեին: Այդ ընթացքում, մինչ Զախարովան արտահայտում էր իր կարծիքը, հայ-ռուսական տնտեսական շփումների և գործակցության տեմպերի առիթով գոհունակությամբ շփվում էին Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Փաշինյանն ու Միշուստինը, Սոչիում տեղի ունեցող ԵԱՏՄ վարչապետների հավաքի շրջանակում տեղի ունեցած երկկողմ հանդիպմանը: Սա բավականին հետաքրքիր կոնտրաստ է, երբ բավականին ընդգծված է հայ-ռուսական հարաբերության լարումը ՌԴ արտգործնախարարության ուղղությամբ շփումներում, և բավականին ջերմ շփումներ են ՌԴ վարչապետի հետ:
Կրեմլն իհարկե այս համատեքստում ավելի վեր հարթությունն է, այլ «սուբստանցիա»: Կոնտրաստը թերևս վկայում է, որ հայ-ռուսական հարաբերության ճգնաժամի մասին խոսակցությունն ու դրանում շրջանառվող գնահատականները զգալիորեն առնչվում են մակերեսին, իսկ խորքում առկա է շատ ավելի բարդ տրանսֆորմացիոն իրողություն, երևույթ, ինչի մասին առիթ եմ ունեցել ընթերցողի կամ ունկընդրի հետ խոսել բազմիցս: Հայ-ռուսական հարաբերություն ասվածն այսօր մեղմ ասած բազմանիստ և բազմաշերտ մի երևույթ է, որն իր վրա կրում է նաև համաշխարհային պատերազմում այն մեծ ու հակասական ներգրավումը, որ ունի Ռուսաստանը՝ ուկրաինական պատերազմով, և ոչ միայն: Այդ պատերազմից դուրս է գալու նոր աշխարհ, և ըստ էության նոր Ռուսաստան: Ինչպիսին կլինի այն, չգիտե ոչ ոք, սակայն լինելու է զգալիորեն տարբեր, դա թերևս անկասկած է: Մեծ հաշվով, հայ-ռուսական հարաբերություն ասվածծը ներկայումս՝ առերևույթ ճգնաժամային իրողության ներքո, արտահայտում է հենց այդ տարբեր Ռուսաստանների պայքարը:
Ու ամենևին տարօրինակ չէ, որ դա արտահայտվում է ոչ միայն հենց Ռուսաստանում, այլ թերևս ամենից շատ նաև Հայաստանում: Դա պայմանավորված է ՌԴ համար Կովկասի կենսականությամբ, և այդ համատեքստում Հայաստանի առանցքայնությամբ, առաջին հերթին նաև ռուսական քաղաքական վերնախավի հոգեբանական ընկալումների առումով: Ընդ որում, այդ գործընթացները ամենևին նոր չեն, դրանք չեն սկսել ուկրաինական պատերազմով, կամ 44-օրյա պատերազմով, և ոչ էլ սկսել են 2018-ով: Դրանք թերևս առավել շոշափելի և ընդգրկուն մեկնարկ են ստացել 2007-08 ընտրական ցիկլից: