ՀԹԳՄ նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը 15 տարվա ընդմիջումից հետո նոր ներկայացում է բեմադրել Թբիլիսիում։ Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային և Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. հայկական պետական թատրոններում օրերս կայացել են Հ. Ղազանչյանի բեմադրած «Ապրիր, քանի դեռ ապրում ես» ներկայացման առաջնախաղերը։ Պիեսի հեղինակը Մարո Մադոյանն է։
«Վրացի մեր գործընկերների հետ մենք ունենք համագործակցության բարձր մակարդակ։ Դեռ 4 ամիս առաջ Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային թատրոնի հետ ձեռք բերվեց համաձայնություն նոր ներկայացում բեմադրելու հարցով։ Ես ընտրեցի Մարո Մադոյանի «Ապրիր, քանի դեռ ապրում ես» պիեսը և սկսեցինք աշխատել»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Հակոբ Ղազանչյանը։
Ներկայացմանը տրվել է վրացական շունչ՝ այն հարմարեցնելով վրացի թատերասերներին: Պիեսը թարգմանել է նշանավոր թարգմանիչ Գելա Գելաշվիլին։ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական թատրոնում բեմադրությունը ներկայացվել է հայերեն՝ հայ դերասանների մասնակցությամբ։
«Բավական բուռն ծափողջյուններով ընդունվեց ներկայացումը։ Իրոք տոն էր մեզ համար։ Ճիշտ է, մի փոքր անհանգիստ էի, որ վրացերեն թարգմանությամբ էր ներկայացվում, մտածում էի, թե ինչպես է փոխանցվելու էությունը, գաղափարը։ Պետք է վստահաբար ասեմ, որ ամեն ինչ շատ լավ անցավ, իրոք շատ լավ թարգմանված էր ու հարմարեցված»,-ասաց Հակոբ Ղազանչյանը։
Թարգմանիչ, գրականագետ, պիեսի հեղինակ Մարո Մադոյանը թեպետ վերջին 40 տարին բնակվում է ԱՄՆ-ում, սակայն համագործակցում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ։ Շատ բարձր է գնահատում, որ Թբիլիսիիում բեմադրություն ներկայացնելու համար հենց իր պիեսն է ընտրվել։
«Բավական ջերմ ընդունելության արժանացանք վրացի թատերասերների կողմից։ Կան արվեստի գործեր, որոնք կարող են ժողովուրդերին առավել միավորել, ճակատագրերը դիտարկել։ Կարծում եմ, որ այս ներկայացումը հենց դա արեց։ Պիեսը հարմարացնելու ժամանակ կերպարներն անվանափոխվեցին, վրացի կերպարներով ներկայացվեց հանդիսատեսին և մենք տեսանք, թե ճակատագրերով որքան նման ենք։ Վրացիների հետ մեր բարեկամությունը գալիս է դարերից և այդպես էլ պետք է շարունակվի»,-ասաց Մարո Մադոյանը։
«Ապրիր, քանի դեռ ապրում ես» ներկայացումը պատմում է մի տիկնոջ մասին, որը Հայաստանում եղել է ճանաչված երգչուհի և 30 տարի է բնակվում է ԱՄՆ-ում։ Իր ծննդյան 70-ամյակի առթիվ սպասում է երեխաների այցին, սակայն նրանք իրենց զբաղվածության պատճառով չեն գալիս։ Հերոսուհին հայտնվում է մեծահասակների խնամքի կենտրոնում։ Այնտեղ ի հայտ են գալիս տարբեր ճակատագրերի բախումներ։ Հերոսուհին գտնում է իր 30 տարի առաջ կորցրած սիրուն։ «Ապրիր, քանի դեռ ապրում ես» ներկայացման հիմքում սերն է, ապրելու ձգտումը։ Ոչ մի տարիքում ուշ չի սիրել, երազել, լիարժեք ապրել։ Հենց այս գաղափարը փոխանցվեց հանդիսատեսին։
Հակոբ Ղազանչյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է «Ապրիր, քանի դեռ ապրում ես» բեմադրության վրացական ու հայկական տարբերակները ներկայացնել Երևանում, Գյումրիում, Վանաձորում։