
Ադրբեջանը նախատեսում է 44-օրյա պատերազմի հետևանքով իր վերահսկողության տակ անցած տարածքներում մինչև 2026 թվականը բնակեցնել 34 հազար ընտանիք: Դա ըստ էության կկազմի նվազագույնը 70-80 հազար մարդ: Կասկած չկա, որ Ադրբեջանը կանի դա՝ նվազագույնը իր դաշնակիցներ Թուրքիայի և Պակիստանի աջակցությամբ: Դեմոգրաֆիական «ռեսուրսի» պակաս նրանք չունեն: Այս հիշատակումը իհարկե Արցախի վերաբնակեցման մեր խնդիրները գործնականում ձախողած լինելու մասին նոր խոսակցության առիթ չէ: Այդ խոսակցությունը ներկայումս չունի իմաստ: Իհարկե, մենք կունենայինք բոլորովին այլ քաղաքական համայնապատկեր, եթե կարողացած լինեինք Արցախի բնակչությունը հասցնել գոնե 300 հազար մարդու:
Այստեղ սակայն պետք է ընդունել նաև, որ այդ մարդիկ հերթ չէին կանգնել Արցախում բնակվելու համար, բայց վերաբնակեցման ծրագիրը նաև պահանջելու էր ջանք, այդ ջանքին պատրաստ էլիտա, ընդ որում պատրաստ թե տնտեսական ռեսուրսի, թե նաև արժեհամակարգային, մտածողական իմաստով: Այսօր սակայն այդ խնդիրը արդիական է Հայաստանի համար: Եվ լինելով արդիական, այն վերացական չէ, էքզիստենցիալ չէ, այն շատ կոնկրետ է: Օրինակ, երբ մենք խոսում ենք Սյունիքով հաղորդուղիների մասին, երբ մենք խոսում ենք դրանց վերահսկման սուվերենության մասին, պետք է նաև արձանագրենք մի պարզ բան:
Ինքնին դե յուրե սուվերենությունը ոչինչ է, եթե չի ուղեկցվում դե ֆակտո ռեսուրսային սուվերենությամբ, որտեղ արդեն առանցքային հանգամանքը լինելու է դեմոգրաֆիան՝ տնտեսական համարժեք կարողություններով զուգորդված: Ինչպես ասել եմ բազմիցս՝ Հայաստանի ամենառազմավարական նշանակության քաղաքներից մեկում՝ Մեղրիում բնակվում է ընդամենը 5 հազար մարդ: Եթե օրինակ Սյունիքում տեղի է ունենում հաղորդուղիների լիարժեք ապաշրջափակում, ապա Մեղրիում միայն ամենօրյա անցնող դարձողը կարող է լինել այդքան մարդ: Իսկ ովքե՞ր կարող են գերակշռել այդ անցնող դարձողների մեջ: Այստեղ թերևս վառ երևակայություն պետք չէ, պատկերացնելու համար, որ հաղորդուղիների լիարժեք ապաշրջափակման պայմաններում «անցնող-դարձողների» գերակշռող մասը, որոնք կիրականացնեն բեռնափոխադրումներ, մեծ հավանականությամբ կլինեն թյուրքական դեմոգրաֆիական տարրի ներկայացուցիչներ: Դա լինելու է տարրական աշխարհագրական «էֆեկտ»: Իսկ մենք ունե՞նք այդ «էֆեկտներին» հակազդելու անհրաժեշտ ռեսուրս, անհրաժեշտ ռազմավարություն, հայեցակարգ: Սրանք հարցեր են, որոնց լուծումը բոլորովին այն պաթետիկ ու խրոխտ ճառերի միջոցով չէ, որ հնչում են հայրենասիրության և պետականության թեմաներով: Դրանց լուծումը պահանջելու է շատ բարդ աշխատանք և բարդ որոշումներ, դրանք իրագործելու կարողություն, և առաջին հերթին նույնիսկ՝ քննարկելու կարողություն: Դրանք հարցեր են, որոնք թվում է թե բավականին հեռու են, բայց որոնք արդեն այսօր իսկ ժամանակի մեջ իրենց ուժեղ ազդեցությունն ունեն ընթացիկ քաղաքական գործընթացների տրամաբանության վրա:
Լուսանկարը՝ Civilnet.am-ի