
Երեքշաբթի երեկոյան բողոքի ցույցի ժամանակ Գլենդելում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների միջև։ Սպասվում էր, որ պետք է տեղի ունենա Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի խորհրդի նիստ, որը պետք է քվեարկեր հունիսը «հպարտության ամիս» ճանաչելու հարցը: Աշակերտների ծնողները ցույց են կազմակերպել՝ բողոքելով ԼԳԲՏ թեմայով դպրոցական ծրագրից։
Ըստ Գլենդելի ոստիկանական բաժանմունքի՝ երեք մարդ ձերբակալվել է տարբեր մեղադրանքներով, այդ թվում՝ ոստիկաններին խոչընդոտելու համար: Բողոքի ակցիային մասնակցել է մոտ 500 մարդ։
«Թեև բողոքի ակցիաների մեծ մասը խաղաղ էր, անձանց մի փոքր խումբ ագրեսիվ վարքագիծ է դրսևորել և վտանգ ներկայացրել հանրային անվտանգության համար», – ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են, որ նահանգի ուսումնական ծրագիրը և, հետևաբար, Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի քաղաքականությունը՝ ԼԳԲՏ խնդիրների հետ կապված, խախտում է իրենց ծնողական իրավունքները:
Գլենդելի միացյալ տեսուչ Վիվիան Էքչյանն ասել է, որ շրջանը հետևում է նահանգի ուսումնական ծրագրին:
Ուրբաթ օրը տասնյակ ծնողներ ցույց էին կազմակերպել հյուսիսային Հոլիվուդի Սաթիքոյի տարրական դպրոցի մոտ՝ ի նշան «Հպարտության ամսվա» համաժողովի դեմ բողոքի: Բողոքի ակցիան կազմակերպող ծնողներն ասել են, որ չեն դատապարտում ԼԳԲՏՔ+ համայնքը, այլ ցանկանում են իրավունք ունենալ որոշել, թե ինչ և երբ են իրենց երեխաները սովորելու այդ թեմայով: