
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության նախաձեռնած հանրային քննարկումների առնչությամբ ասում է՝ «Ես ուզում եմ շատ հստակ արձանագրել. Եկեղեցին ոչ միայն քաղաքականությամբ չի զբաղվում, այլև հակառակը, մտահոգված է եղած իրավիճակով: Մեր կենսագրությունն է հարցը, մեր պատմությունն է հարցը, ընդհանրապես մեր գոյությունն է հարցը, ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը: Որտե՞ղ է դրա քաղաքականությունը: Սա ուղղակի դաշտ նետված, մոլորեցնող հայտարարություն ասեմ, գաղափար ասեմ, ուղղություն ասեմ, կամ վարկաբեկման գործընթաց ասեմ, այդ բոլորն է: Եկեղեցու համար դա քաղաքականություն չէ»:
Պարզ է ասում Սրբազանը, սակայն իրականությունը շատ ավելի բարդ է, և, եթե ՀԱԵ ղեկավարությունն այդ իրականությանը վերաբերում է այդպիսի միարժեք պարզությամբ, դա նշանակում է, որ գործողությունը զուտ քաղաքական է, այսինքն գործում է «ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է» է սկզբունքը: Ասել կուզի, դուք ընկալում եք եկեղեցու արածը քաղաքականությու՞ն, դա ձեր խնդիրն է, մենք դա չենք համարում քաղաքականություն: Իսկ դա հենց քաղաքականությանը, առավել ևս հայաստանյան քաղաքականությանը բնորոշ մոտեցում է: Եվ, եթե Հայ Առաքելական եկեղեցին վերքաղաքական, հանրային առաքելություն է ստանձնում այդ մոտեցումով, ապա իր առաքելության կամ նախաձեռնության մեջ եկեղեցին ուրեմն մեղմ ասած անտարբեր է հանրային ընկալումների առնչությամբ: Իսկ Հայաստանի ներկայիս խնդիրը հենց այն է, որ քաղաքական տարբեր ուժեր, իշխանություն, ընդդիմություն, մերձիշխանություն կամ մերձընդդիմություն, բոլորը առաջնորդվում են լոկ յուրային հանրային շերտերի կարծիքն ու գնահատականը ճանաչելով, մրցակցի կամ քաղաքական հակառակորդի հետևորդ հանրային շերտերին համարելով լոկ «ծախված», «պիցցայակեր», «ժեղ», «զոմբի» և այլն, և այլն:
Եկեղեցին իհարկե չի օգտագործի այդ բառապաշարը, սակայն խնդիրը բառապաշարը չէ, այլ մոտեցման էությունը, փիլիսոփայությունը, դրա հանրայնացման մեթոդաբանությունը: Վերքաղաքական որևէ առաքելության առանցքային նպատակ և հաջողության ու արդյունավետության հեռանկարի նախադրյալ պետք է լինի առաջին հերթին այն, որ դրա նախաձեռնողները ի տարբերություն քաղաքական միավորների, այսպես ասած «դիմության ու ընդդիմության», տեսնեն, ճանաչեն, հաշվի առնեն, նաև պատվի առնեն բոլոր կողմերում եղած հանրային շերտերին, ձգտեն գտնել նախ այն լեզուն, որով հնարավոր է խոսել բոլորի հետ, իսկ հետո նաև այն բովանդակությունը, որ այդ լեզվով հնարավոր է մատուցել բոլորին ու ստանալ համարժեք ընկալում: Եթե դա չկա, ապա բացարձակապես կարևոր չէ՝ կա՞ որևէ նախաձեռնության ներքո քաղաքական, ներքաղաքական դիտավորություն, թե՞ բացառապես հայրենանվեր ու պետականափրկիչ անկեղծություն է, արդյունավետությունը չի լինելու ավելի, քան մինչ այժմ եղել է որևէ քաղաքական միավորի արդյունավետություն: Ի վերջո, այդտեղ է լինելու որակապես այլ մակարդակի որևէ նախաձեռնության և նախաձեռնողի հանրային շահեկանության արժեքը՝ հանրային բազմազանությունը ճանաչելու, այն ընդունելու, դրա հետ հաշվի նստելու, և հաշվի նստելով՝ դրա հետ աշխատելու կամքն ու կարողությունը: