Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) աշխատակիցները ձերբակալել են ավելի քան 30 մարդու, որոնց կասկածում են հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի կենտրոնը։
«Ձերբակալվել են անձինք, որոնք ծրագրել էին զանգվածային անկարգություններ և անհնազանդության գործողություններ՝ իշխանության հետագա բռնի զավթման նպատակով», – ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ հատուկ ծառայությունների տվյալների՝ ընդհանուր առմամբ, այդ գործով հանրապետությունում ձերբակալվել է ավելի քան 30 մարդ։
Մամուլի կենտրոնի տվյալներով՝ հատուկ ծառայությունների աշխատակիցները «բացահայտել և կասեցրել են մի խումբ անձանց անօրինական գործունեությունը», որոնք զբաղվել են երկրի տարածքում «բողոքի զանգվածային ակցիաների և լայնածավալ անկարգությունների» նախապատրաստմամբ` «իշխանության հետագա բռնի զավթման» նպատակով։
Ըստ հայտարարության՝ այդ խմբավորումը տարվա ընթացքում իրականացրել է «իր շարքեր կողմնակիցների ներգրավման և առավել դժգոհ քաղաքացիների հավաքագրման նպատակամետ աշխատանք» ։ Խմբի պարագլուխն է «Էլդիկ Քենեշ» («Ժողովրդական խորհրդարան») կուսակցության ներկայացուցիչներից մեկը, որի անունն առայժմ չի հրապարակվում։ Ընդհանուր առմամբ, խմբի կազմում եղել է մոտ 100 մարդ։
«Տեղեկատվություն կա, որ մոտ ժամանակներս սպասվում էր զգալի միջոցների ստացում օտարերկրյա աղբյուրներից՝ կազմակերպական հարցերի ֆինանսավորման և (խմբավորման) հիմնական գործիչների վարձատրության համար», – նշել են մամուլի ծառայությունում։
Խուզարկությունների արդյունքում առգրավվել են նաև նրանց հանցավոր մտադրությունները հաստատող այլ իրեղեն ապացույցներ։ Բոլոր ձերբակալված անձինք տարվել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան: